«Պտտիր հրաշքը»՝ հենց այս կարգախոսի ներքո է անցնելու Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը: Մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, բայց մինչ այդ՝ քաղաքն արդեն սկսել է ապրել եվրատեսիլյան շնչով:
View this post on Instagram
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի սրտում կայացավ «Մանկական Եվրատեսիլ»-ում մեր այս տարվա պատվիրակ Նարե Ղազարյանի հերթական ջերմ ու գունվոր հանդիպումը մրցույթի երկրպագուների ու իր աջակիցների հետ: Երեւանյան այգիներից մեկում Նարեն, մի խումբ երեխաների հետ միասին, սովորեց պտտել մրցույթի այս տարվա խորհրդանիշ հոլը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ հոլի խորհուրդն ու պատմությունը:
Մրցույթի խորհրդանիշ հոլի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին եւ զարդարված է ազգային նախշերով, որոնք Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի եւ հագուստի վրա։ Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։
Օրերս մեր պատվիրակը ներկայացրեց նաեւ իր DANCE! երգն ու տեսահոլովակը, որով էլ ներկայանալու է «Մանկական Եվրատեսիլ»-ում: Այն YouTube-ում արդեն հատել է 500 հազարի սահմանը: Նարեի խոսքով՝ սա լավագույն երգն է, որով կարող էր ներկայանալ մրցույթում.
«Առօրյաս գլխիվայր փոխվել է այն օրվանից, ինչ իմացա, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին: Անվերջ նկարահանումներ, փորձեր… Այս միջոցառումից առաջ էլ փորձի էի»,-լրագրողների հետ զրույցում նշեց 14-ամյա երգչուհին:
«Ակնկալում եմ, որ այսօրվանից հետո բոլորն ավելի շատ կսկսեն հետաքրքրվել հոլով, կիմանան, որ սա մեր ազգային խաղն է, որը հայերը դեռ հին ժամանակներից են խաղում, եւ կարծում եմ՝ հենց հոլը կդառնա Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը: Մինչ մրցույթը իմացել եմ հոլի մասին, բայց երբեք չէի խաղացել, ու ուրախ եմ, որ սովորեցի այն պտտել ու ավելին բացահայտել»,-հավելեց նա:
Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը հոբելյանական է. այն անցկացվելու է 20-րդ անգամ, ինչի առիթով, բացի մրցույթի 16 պատվիրակություններից, Հայաստանը կհյուրընկալի նաեւ «Մանկական Եվրատեսիլի» բոլոր տարիների հաղթողներին:
Սյունե Առաքելյան