Սառցե վիշապի մասին Ջորջ Ռ. Մարտինի գրքի հիման վրա մուլտֆիլմ կնկարահանվի

19:11   21 նոյեմբերի, 2022

Գրող Ջորջ Ռ. Մարտինը, ով առավել հայտնի է իր «Սառույցի եւ կրակի երգը» ֆանտաստիկ շարքով, Penguin Random House-ին տված հարցազրույցում ասել է, որ Warner Bros. Animation-ը նախատեսում է մուլտֆիլմ նկարահանել իր 1980 թվականի «Սառցե վիշապ» գրքի հիման վրա, որը պատմում է սարսափելի վիշապի եւ փխրուն աղջկա ընկերության մասին:

«Ձեզնից ոմանք կարող է գիտեն, որ ես ժամանակ առ ժամանակ գրել եմ գրքեր, որոնք չեն եղել Վեստերոսի կամ այս պատմության մաս: Եվ դրանցից մեկը մի պատմություն էր, որը ես գրել եմ դեռեւս 1978 թվականին սառցե վիշապի մասին։ Այն կոչվում է «Սառցե վիշապը», - հայտնել է Մարտինը:

Ըստ գրողի՝ սա բավականին կարճ մանկական պատմություն է, որը նախատեսվում է վերածել լիամետրաժ մուլտֆիլմի։

«Warner Bros. Animation-ը ձեռք է բերել դրա իրավունքները, եւ մենք պատրաստվում ենք այն ընդլայնել՝ դարձնելով լիարժեք անիմացիոն ֆիլմ, որը, հուսով ենք՝ կթողարկվի ձեզ մոտ գտնվող կինոթատրոնում»,- եզրափակել է Մարտինը։

 Լուսանկարը՝ НТВ



© NEWS.am STYLE