«Ինձ համար կարեւոր էր հենց հայ դիզայներների զգեստներով ներկայանալը»․ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը՝ եվրոպական 3 ամսագրերի շապիկներին

15:15   22 նոյեմբերի, 2022

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, որն այս տարի հնարավորություն էր ստացել ներկա գտնվելու Կաննի եւ Վենետիկի միջազգային կինոփառատոններին, հայտնվել է միանգամից 3 ամսագրերի շապիկներին։ Հայ կոմպոզիտորին անդրադարձել են Business ML Magazine World-ը, Fostylen-ը եւ Fostylen Kids-ը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Շուշանը նշեց, որ երեք ամսագրերի խմբագիրն էլ Էլվիրա Գավրիլովան է։ 

311511495_2047760945428644_5427852092699586316_n.jpg (75 KB)

«Բոլոր լուսանկարներն արվել են Կաննում։ Սկզբում նախատեսված էր, որ պետք է միայն մեկ ամսագրի շապիկին լինեի, բայց համագործակցությունն այնքան դուր եկավ իրենց, որ առաջարկ ստացա նկարահանվելու նաեւ մյուս երկուսի համար։ Ամսագրերը լույս են տեսնում Պորտուգալիայում եւ եվրոպական մի շարք երկրներում։ Ինչ վերաբերում է հարցազրույցներին՝ խոսել եմ Կաննի եւ Վենետիկի փառատոններին իմ մասնակցության, երաժշտության եւ դրա միջոցով երեխաներին կրթելու մասին»,-մանրամասնեց նա։ 

311432920_1307750840038267_2178111063488769803_n.jpg (75 KB)

Կոմպոզիտորը կարեւոր է համարում նաեւ այն փաստը, որ ֆոտոշարքերի շրջանակում կրել է հայ դիզայներների զգեստները․

«Ինձ համար կարեւոր էր հենց հայ դիզայներների զգեստներով ներկայանալը։ Աշխատել եմ Նաիրա Խաչատրյանի եւ Արմինե Գեւորգյանի հետ: Լուսանկարիչը տաղանդավոր Եվա Մեդինան էր։ Ես ունեի հստակ պատկերացում, թե ինչպիսին պիտի լինեմ լուսանկարներում, եւ շատ ուրախ եմ, որ ինձ տրվեց ազատ ստեղծագործելու հնարավորություն։ Արդյունքն այնքան գոհացուցիչ էր, որ մոտ ամիսներին նախատեսվում է եւս մեկ ֆոտոշարք՝ իտալական ամսագրերից մեկի շապիկի համար»,-նշեց Շուշանը։

311933729_2329948887161072_1697304549981375186_n.jpg (86 KB)

Կաննի միջազգային կինոփառատոնին Շուշանն իր ստեղծագործությունները ներկայացրել էր մի շարք հեղինակավոր կինոընկերությունների։ Արդյունքում հայ երգահանը համագործակցության մի քանի առաջարկ էր ստացել, որոնցից մեկը ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Կատրին Դենյովի մասնակցությամբ առաջիկա ֆիլմի համար երաժշտություն գրելն է։ Այն պետք է կատարի աշխարհահռչակ երգչուհիներից մեկը, բայց այս մասին Շուշանն առայժմ իրավասու չէ մանրամասներ հաղորդել։ 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE