Արքայազն Հարրիին եւ կնոջը մեղադրել են միապետությանը վիրավորանք հասցնելու համար

22:48   22 նոյեմբերի, 2022

Բրիտանացի գրող եւ Մարգարեթ Թետչերի նախկին օգնական Նիլ Գարդիները դիմել է Չարլզ III թագավորին՝ խնդրելով Սասեքսի դուքս արքայազն Հարիին եւ դքսուհի Մեգան Մարքլին զրկել տիտղոսներից՝ միապետությունը վիրավորելու համար, գրում է Mirror պարբերականը։

Նա նշել է, որ թագավորը դքսին ու դքսուհուն տիտղոսից պետք է զրկի, քանի որ նրանք մարդու իրավունքների ոլորտում մրցանակի են արժանացել թագավորական ընտանիքում «կառուցվածքային ռասիզմին» հակադրվելու համար: Ըստ Գարդիների՝ Ռոբերտ Քենեդու հիմնադրամի կողմից արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին շնորհված մրցանակը «վիրավորանք» է բրիտանական միապետության համար։

«Մեգանի եւ Հարիի համար ծիծաղելի պարգեւը ամոթալի հարձակում է բրիտանական միապետության վրա: Սասեքսի դուքսն ու դքսուհին Մարդու իրավունքների մրցանակ կստանան թագավորական «ռասիզմի» դեմ իրենց «հերոսական դիրքորոշման» համար»,- նշել է Գարդիները։

Սասեքսի դուքսն ու դքսուհին մրցանակը կստանան դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք Ripple of Hope Gala-ի ընթացքում:



© NEWS.am STYLE