Toy Story. ամբողջությամբ համակարգչային առաջին անիմացիոն 3D ֆիլմը դարձավ 27 տարեկան (վիդեո)

20:53   22 նոյեմբերի, 2022

«Խաղալիքների պատմություն»-ը (Toy Story) առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է, որը ամբողջովին պատրաստվել է համակարգչով, ինչպես նաեւ առաջինը, որը լավագույն սցենարի համար առաջադրվել է «Օսկար»-ի։ Անիմացիոն ֆիլմի պրեմիերան կայացել է 1995 թվականի նոյեմբերի 22-ին՝ դառնալով ամենաշահութաբերը։

Ֆիլմի գլխավոր հերոսները կենդանի խաղալիքներ են, որոնք ապրում են իրենց տիրոջ՝ Էնդի Դեւիսի սենյակում։ Ամեն տարի Էնդիի ծննդյան օրվա առթիվ նրան նոր խաղալիքներ են նվիրում, եւ այդ օրը դժոխք է դառնում Էնդիի հին խաղալիքների համար։ Բացի այդ տղայի հարեւանությամբ ապրող երեխան կոտրում է իր ձեռքն ընկած բոլոր խաղալիքները: Ֆիլմի վերջում միմյանց հետ վիճող խաղալիքներն ընկերանում են:

Գլխավոր հերոսներին ձայնավորել են Թոմ Հենքսը, Թի Ալենը, Դոն Ռիքլզը եւ այլոք:

Հայտնի է, որ ֆիլմի ամեն կադրի մշակման համար ծախսվել է 4-ից 13 ժամ: Նախագծի գործադիր տնօրենը եղել է Սթիվ Ջոբսը:

Հետաքրքիր է, որ մուտֆիլմում երկրագնդի վրա նկարված է ԽՍՀՄ-ը ո՛չ թե Ռուսաստանի Դաշնությունը: Իսկ Էնդիի մայրիկի մեքենայի համարը՝ A113 Կալիֆորնիայի համալսարանում այն լսարանի համարն է, որտեղ սովորել է օսկարակիր անիմատոր Ջոն Լասետերը:



© NEWS.am STYLE