Սթիվեն Սփիլբերգը Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակի կարժանանա

14:13   23 նոյեմբերի, 2022

«Ոսկե արջ» մրցանակի արժանացածների տպավորիչ ցանկը կհամալրի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը. մրցանակը ռեժիսորին կհանձնվի 73-րդ ամենամյա փառատոնի ընթացքում, որը կանցկացվի փետրվարի 16-ից 23-ը։

«Իր անհավատալի կարիերայի ընթացքում Սփիլբերգը ոչ միայն գերել է հանդիսատեսի մի քանի սերունդ ամբողջ աշխարհում, այլեւ նոր նշանակություն տվել կինոյին՝ որպես երազանքների գործարան», - ասվում է փառատոնի ղեկավարների տարածած հայտարարության մեջ:

Կինոփառատոնի ընթացքում  Սփիլբերգի գլխավոր ստեղծագործություններից հատվածներ կցուցադրվեն: Իր կարիերայի ընթացքում ռեժիսորը ստացել է երեք «Օսկար» արձանիկ, յոթ անգամ արժանացել «Ոսկե գլոբուս»-ի, 12 անգամ «Էմմի»-ի եւ այլ մրցանակների: Նրա նոր կիսակենսագրական Fabelmans ֆիլմն արդեն թողարկվել է Միացյալ Նահանգներում՝ արժանանալով քննադատների հիացական գնահատականներին։



© NEWS.am STYLE