Սեռերի ճակատամարտ. ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն

23:12   5 դեկտեմբերի, 2013

Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն: Այս ծեծված հարցն ինքն իրեն տալիս է յուրաքանչյուր կին: Հազիվ աղջնակն օրիորդ է դառնում, նրան սկսում է տանջել այս հարցը: Այս թեմայով գրքեր են գրում, սեմինարներ եւ թրեյնինգներ են կազմակերպում: Նորաձեւության եւ գեղեցկության աշխարհը միայն այս հարցի համար է աշխատում: Ինչպե՞ս գայթակղել եւ պահել տղամարդուն. վստահ եմ, որ յուրաքանչյուր կին իր «անսխալ» միջոցներն ու «յուրօրինակ» բաղադրատոմսն ունի: Նրանք, ովքեր հիմար են ու միամիտ, շտապում են իրենց գիտելիքով կիսվել աշխարհի հետ, իսկ նրանք, ովքեր հնարամիտ են, լեզուն ատամների տակ են պահում՝ նախընտրելով չավելացնել մրցակցուհիների թիվը: Հարցի պատասխանը պարզ է: Այս խաղի գլխավոր կանոնն է. սովորեք լսել:


Ցավոք, կանանց մեծամասնությունը նման «մեղք» ունի. մենք չենք կարողանում լսել: Ավելի ճիշտ, լսում ենք, բայց չենք ունկնդրում: Եվ այդ մեր ճակատագրական սխալն է: Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ արտահայտել մեր կանացի կա՛մ զզվանքը, կա՛մ հիացմունքը: Կարեւոր չէ, թե ինչ. գլխավորն ինչ-որ բան ասել, արա՛գ, մեզ խեղդում են զգացմունքները, որոնք հաճախ չեն թողնում, որպեսզի ուղեղը տեղեկությունն անհրաժեշտ բաժնին հասցնի: Այդ պատճառով էլ մենք թույլ ենք տալիս երկրորդ աններելի սխալը. խոսում ենք առանց մտածելու: Անհրաժեշտ է յուրացնել երկու պարզ կանոն. լռել ու լսել:

Տղամարդիկ պարզունակ արարածներ են: Նրանք էլ քիչ չեն սիրում խոսել, երբեմն՝ ավելի շատ, քան կանայք: Տղամարդկանց անհրաժեշտ է, որպեսզի իրենց լսեն: Ձեր գլխավոր նպատակը ոչ կպչուն ձեւով նրանց ստիպելն է, որ խոսել իրենց մասին: Աննկատ տանել այդ ուղղությամբ՝ մի քանի անմեղ հարց ուղղելով: Լսե՛ք, եւ գլխավորը՝ ուշադիր լսեք, թե ինչ է նա ասում: Մի ընդհատեք, ոչ մի դեպքում խոսակցությունը դեպի ձեզ մի ուղղեք: Որքան նա ձեզ հետ անկեղծանա, այնքան բարձր կլինեք նրա աչքում:

Նախ՝ նա չի էլ նկատի, թե ինչպես կսկսի ձեզ ավելի շատ վստահել: Եվ հետո, նրա աչքերում դուք խելացի կլինեք, իսկ այդ ամեն ինչ արժե:

Եթե նրա բոլոր զեղումներից հետո ձեզ զգացմունքներն այնքան ճնշող են, որ թթվածինը հազիվ է ուղեղին հասնում, նախքան ձեր զգացմունքներն ամբողջ ուժով նրա գլխին թափելը մի քանի վայրկյան լռեք: Ինչ-որ բան ասելուց առաջ մտովի մինչեւ տասը հաշվեք: Այդ բավարար կլինի, որ փոքր-ինչ սթափվեք եւ ի մի բերեք մտքերը: Ավելին, դրանով դուք զրուցակցին հասկացնում եք, որ լսել եք նրա ասածը, այլ ոչ թե լուռ սպասել խոսելու ձեր հերթին: Յուրացնելով առաջին հայացքից այս պարզ, բայց իրականում բարդ կանոնները, դուք անթերի կին կդառնաք գրեթե բոլոր տղամարդկանց համար:

Հաջորդ քայլով դուք պետք է տղամարդուն փորձեք հասկացնել, որ նա միակն է ու անկրկնելին: Սա արվեստ պահանջող նուրբ խաղ է: Այս հարցում կարեւորը չափը չանցնելն է: Այս խաղի ծուղակների եւ այն մասին, թե ինչպես չվրիպել, կարդացեք հաջորդ ակնարկում:

Լուիզա Սաքունց



© NEWS.am STYLE