Սեռերի ճակատամարտ. Կին-գլուխկոտրուկը՝ անհասանելի երազանք

23:04   7 դեկտեմբերի, 2013

Կան կանայք, որոնց զգայունությունը ներսից է գալիս: Նրանք վառ չեն, չեն կուրացնում, չեն այրում թեժ հրով: Նրանք ավելի շատ հիշեցնում են թույլ կրակ առկայծող լամպ, սակայն դրանից ավելի գրավիչ են դառնում: Նրանցից անհնար է կտրվել:

Միաժամանակ, նրան անհնար է գեղեցկուհի համարել այդ բառի դասական իմաստով, սակայն այդ ներքին զգայնության շողը, որում ե՛ւ նախնադարյան, ե՛ւ խորը ինտելեկտուալ ինչ-որ բան կա, խելքահան է անում: Նա կին-գլուխկոտրուկ է, որից ելք չկա, որին լուծում չկա: Նա ինքնատիպ է ու անկրկնելի: Հանդիպելով նման կնոջ՝ ցանկանում ես նրա հետ փախչել աշխարհի ծայրը, միաժամանակ՝ հենց նրանից փախչել նույն այդ աշխարհի ծայրը:

 

Բայց, ցավոք, չի հաջողվի: Դուք այդ ճակատամարտը, ամենայն հավականությամբ, տանուլ կտաք: Բայց այդ պարտությունը դառնություն չի բերի, այն քաղցր ցավ կպատճառի միայն: Դուք ՆՐԱՆ փնտրելու եք հետագա բոլոր կանանց մեջ, բայց նա միշտ փախչելու է ձեզանից: Նման կինը ցանկացած տղամարդու երազանքն է: Նա կատարյալ է, այդ պատճառով էլ՝ անհասանելի: Մենք այնքան կրքոտ ենք նրան ցանկանում, որ պատրաստ ենք սպանել: Եվ մենք վախենում ենք նրանից, վախենում ենք ծնկները դողալու աստիճան: Որովհետեւ նման կինը գիտի այն ամենը, ինչ մենք՝ տղամարդիկ, նախընտրում ենք թաքցնել: Ընդ որում, նա այնքան խելացի է, որ երբեք չի բացահայտի իրեն, իր գիտելիքները: Բայց նրա զարմանալի աչքերն ու լռությունը, շուրթերի վրա սահող ժպիտի ստվերը կհասկացնեն, որ նա գիտի…

 

Նման կանայք, ցավոք, իսկ հնարավոր է՝ ի հանգստություն բոլոր տղամարդկանց, ավելի ու ավելի քիչ են: Նրանք հազվագյուտ երեւույթ են, մշակման կարիք չունեցող ադամանդ: Ժամանակակից կանայք հավասարության, հաջողության եւ կարիերայի հետեւից վազելով՝ մոռանում են գլխավորի մասին. իրենց կանացի էության:

Ժամանակակից կինն ակտիվորեն օգտագործում է գեղեցկության արդյունաբերությունը՝ փորձելով հնարավորինս շատ տղամարդկանց ուշադրություն գրավել, բայց մոռացել է, թե ինչ է իրականում նշանակում ԿԻՆ լինել: Հնարավոր է՝ այստեղ նաեւ մեղքի մեր բաժինն ունենք: Չափազանց շատ ենք նրանց ազատություն տվել, ինչպես ասում էր իմ հանգուցյալ պապը: Շուրջը բազմաթիվ գեղեցկուհիներ կան՝ սլացիկ, խնամված, խելացի, հաջողակ, բայց քիչ ԿԻՆ կա: Խորհրդավորություն չկա:

 

Ինձ մտահոգում է հատկապես երիտասարդ սերունդը, որը վաղ է հասունանում, առաջադեմ է, բայց ոչ խելացի: Արհեստական եղունգներ, մազեր, շատ կոսմետիկա պատանի դեմքերին: Բայց այդ ամենը նրանց ԿԻՆ չի դարձնում: Աղջիկները կանացիություն չունեն, նրանց մեծ մասը պատկերացում անգամ չունի, թե ինչ է այդ: Երբ մեր որոշ գեղեցկուհիներ բացում են բերանը, մեկ վայրկյանի ընթացքում կարող են սպանել լիբիդոն: Եվ հարցն այն չէ, որ նա հիմարություն է խոսում: Այդ ներելի է: Հարցն այն է, որ նա խոսում է երթուղային տաքսու վարորդի կամ նավաստու նման:

 

Կանացիությունը ներկայում դեֆիցիտ է: Եվ ես կոչ եմ անում. կանայք, աղջիկներ, ուշքի՛ եկեք: Ընկնելով պատրանքների հետեւից՝ դուք կորցնում եք ձեզ: Ցանկանում եք տղամարդկանց հետ հավասար լինել: Բայց դրա համար մեկ ճանապարհ կա՝ շատ պարզ ու դյուրին. ԿԻՆ եղեք, եւ մենք կամավոր ու հաճույքով ձեր առջեւ վայր կդնենք մեր զենքերը…

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE