Քիմ Քարդաշյանին ու Բելլա Հադիդին քննադատել են Balenciaga-ի սկանդալային արշավից հետո լռության համար

17:13   25 նոյեմբերի, 2022

Քիմ Քարդաշյանի եւ Բելլա Հադիդի երկրպագուները պահանջում են, որպեսզի նրանք դատապարտեն Balenciaga-յին գովազդային արշավը, որտեղ երեխաների ձեռքի խաղալիք արջուկների հագին ԲԴՍՄ հանդերձանք է։ Այս մասին գրում է New York Post-ը։

Նոյեմբերի 22-ին նորաձեւության տունը բացասական արձագանքի պատճառով հետ է կանչել վիճահարույց արշավը։ Հաջորդ օրը Balenciaga-ն իր Instagram-ից ջնջել է բոլոր լուսանկարները, բայց անպատշաճ գովազդի համար ներողություն է խնդրել Stories բաժնում։

Քարդաշյանին եւս կոչ են անում հրապարակայնորեն արտահայտվել ընկերության դեմ՝ չնայած Balenciaga-ի հետ նրա երկարատեւ համագործակցությանը։  «Խնդրում եմ խոսեք Balenciaga-ի մասին: Չեք կարող խուսափել դրանից, քանի որ դուք աջակցում եք նրանց», «Ե՞րբ եք պատասխանելու Քիմ», «Ձեր հեղինակությունը վտանգված է», - գրել են աստղի հետեւորդներն Instagram-ի նրա էջի մեկնաբանություններում։

Քիմ Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրն ասել է. «Ինչպես բոլորը, Քիմն էլ աներեւակայելի վրդովված եւ անհանգստացած էր տոնական արշավից։ Որպես մայր՝ չի հանդուրժում երեխաների հանդեպ բռնությունը կամ շահագործումը»:

Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, Բելլա Հադիդը նախ հրապարակել, ապա ջնջել է իր լուսանկարներով գրառումը Balenciaga-ի նոր գովազդային արշավում։ Բաժանորդները շնորհակալություն են հայտնել նրան նման որոշման համար եւ խնդրել են արտահայտվել Balenciaga-ի սկանդալային արշավի մասին։

 

Լուսանկարը՝ Balenciaga



© NEWS.am STYLE