Ալեսանդրո Միկելեն լքել է Gucci-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը

10:14   26 նոյեմբերի, 2022

Ալեսանդրո Միկելեն լքել է Gucci-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Այս մասին երեկ երեկոյան հայտնի է դարձել Kering կոնգլոմերատի պաշտոնական հայտարարությունից, որին պատկանում է իտալական ապրանքանիշը։ Լուրը հաստատել է նաեւ ինքը՝ դիզայները, Instagram-ի իր անձնական բլոգում։

The New York Times-ը նշում է, որ Միկելեի հեռացումը պայմանավորված է նրանով, որ նրա ոճը «ձանձրալի է դարձել», իսկ ապրանքանիշի վաճառքն այս տարի դանդաղել է։ Միեւնույն ժամանակ, նախորդ տարիներին Gucci-ի եկամուտները անշեղորեն աճել են, եւ բրենդի իրերը նորաձեւության ամենահայտնի եւ ամենացանկալի սիրահարների թոփերում էին։ Gucci-ն ամենաեկամտաբեր ապրանքանիշն էր Kering կոնգլոմերատում: Բրենդին հաջողվել է նաեւ արագ վերականգնել բիզնեսը համաճարակից հետո: Օրինակ՝ 2021 թվականի առաջին վեց ամիսների եկամուտը կազմել է 4,4 միլիարդ դոլար: Այնուամենայնիվ, վերջին եռամսյակներում ապրանքանիշի եկամուտները սկսել են նվազել:

Ստեղծագործական տնօրենի պաշտոնում Միկելեն յոթ տարի է աշխատել, իսկ ընդհանուր առմամբ նա աշխատել է Gucci-ում 20 տարի։ Նրան համագործակցության հրավեր է արել Թոմ Ֆորդը, որը 1994-ից 2004 թվականներին աշխատել է որպես Gucci-ի ստեղծագործական տնօրեն։ Միկելեն իր կարիերան սկսել է բրենդի լոնդոնյան գրասենյակում եւ սկզբում զբաղվել է պայուսակների դիզայնով։

«Լինում են ժամանակներ, երբ ճանապարհները բաժանվում են տարբեր տեսակետների պատճառով, ինչի իրավունքը մեզնից յուրաքանչյուրն ունի: Այս ամբողջ ընթացքում Gucci-ն եղել է իմ տունը, իմ ընտանիքը: Այս մեծ ընտանիքին, բոլոր այն մարդկանց, ովքեր հոգ էին տանում դրա մասին եւ աջակցում այն, ուղարկում եմ իմ ամենաանկեղծ շնորհակալությունը, ամենամեծ եւ ամենաանկեղծ գրկախառնությունները։ Առանց նրանց ոչինչ հնարավոր չէր լինի անել: Նրանց ուղղված իմ ամենաանկեղծ ցանկությունն է՝ շարունակեք զարգացնել ձեր երազանքները, որի համար արժե ապրել»,- գրել է Միշելը հրաժեշտի հայտարարության մեջ:

Միկելեի օրոք Gucci-ի ոճը զգալիորեն փոխվել է եւ ձեռք է բերել մի շարք բնորոշ հատկանիշներ։ Այդ հատկություններն ի վերջո դարձել են թրենդային, եւ դրանց ազդեցությունը կարելի է տեսնել այլ ապրանքանիշերում: Նրա հայտնի ոճի դեսպաններից եւ դիզայների ընկերներից էին Ջարեդ Լետոն, Հարրի Սթայլսը, Դակոտա Ջոնսոնը, Բիլի Այլիշը, Måneskin խումբը եւ այլ աստղեր։



© NEWS.am STYLE