Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2022-ի» բացման արարողությունը

10:51   27 նոյեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին հաշված օրեր են մնացել․ դեկտեմբերի 5-ին մասնակից բոլոր 16 պետությունների ներկայացուցիչներն արդեն կլինեն Հայաստանում, եւ երեկոյան միասին կվառեն քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։

«Ամանորն այս տարի մոտենում է եվրատեսիլյան շնչով և հրաշքի մեծագույն սպասումով:

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողությունը, և կվառվեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը և Առաջին ալիքը հրավիրում են բոլորին՝ վայելելու նոր, ինքնատիպ, տոնական մյուզիքլը, ինչպես նաև մասնակցելու «Մանկական Եվրատեսիլի» կարմիր գորգի արարողությանը», - ասվում է «Մանկական Եվրատեսիլի» ինստագամյան էջում:

Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մրցութային ամենասպասված տոնը, որը երկրորդ անգամ կհյուրընկալվի Հայաստանի մայրաքաղաքում։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանը, որի DANCE!/«Պարիր» երգը, ավելի, քան 700 հազար դիտումով, այս պահի դրությամբ մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում առաջատարն է։



© NEWS.am STYLE