«Դուրյանական արվեստի ողջ ներկապնակը»․ Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված ֆիլմ կթողարկվի

12:47   28 նոյեմբերի, 2022

Շուտով ORDER FILM production-ը հանդիսատեսի դատին կհանձնի աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված լիամետրաժ փաստագրական ֆիլմը:

«Մենք փորձել ենք համադրել եւ ի մի բերել  դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել Մեծ դիրիժորի կյանքի ամենադրամատիկ եւ նշանակալի դրվագները: Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի քան 110 նվագախմբեր, որոնց թվում են Լայպցիգի աշխարհահռչակ Գևանդհաուզը, Բեռլինի, Դրեզդենի, Վիեննայի, Փարիզի, Ավինիոնի նվագախմբերը: Կինոպատումն ունի լայն աշխարհագրություն` Երևան, Երուսաղեմ, Լայպցիգ, Փարիզ, Մոսկվա և Քեյփ Թաուն: Սա Մաեստրոյի ստեղծագործական ուղու ընդամենը մի մասն է, որն անցել ենք նորից, նպատակ ունենալով պահոցներում գտնել Դուրյանին նվիրված նյութեր, Մաեստրոյին գնահատող եւ նրա արվեստով հիացած մարդկանց: Առաջին անգամ փորձել ենք մանրամասն ներկայացնել նաև Օհան Դուրյանի հասարակական գործունեությունը, անարդարություն չհանդուրժող և ընդվզող կերպարը, որը զրկվելով հայրենիքում ստեղծգործելու հնարավորությունից, ենթարկվել է հալածանքների», - ասվում է փրոդաքշնի ֆեյսբուքյան էջում։

Ֆիլմը նկարահանվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:



© NEWS.am STYLE