Ջեքսոնի, Լոպեսի, Բեյոնսեի հետ աշխատած հայտնի դիզայներ Ջեյկոբ Մեյերի շքեղ ցուցադրությունը Երեւանում (վիդեո)

13:42   28 նոյեմբերի, 2022

Seven Visions Hotels, The Dvin-ի ONE&ONLY թատրոնում երեկ՝ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ հարսանեկան եւ երեկոյան զգեստների համաշխարհային հռչակ վայելող մոդելավորող Ջեյկոբ Մեյերի հեղինակած զգեստների ցուցադրությունը։ Մոդելավորողը համագործակցել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մայքլ Ջեքսոնը, Քարդի Բ-ին, Ջենիֆեր Լոպեսը, Նիկի Մինժը, Քեթի Փերին, Բեյոնսեն եւ այլք։

Ցուցադրությանը ներկայացվեց ավելի քան 100 նմուշ՝ արդեն հայտնի եւ նոր հավաքածուներից: Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանեց դիզայները՝ թեեւ բազմաթիվ ցուցադրություններ է ունեցել աշխարհում, երեւանյան շոուն ամենատպավորիչն էր.

«Այն, ինչ այսօր կյանքի կոչվեց, կարծում եմ՝ հրաշալի էր: Այսօր ցուցադրված նմուշներից մի քանիսը կրել են շատ ճանաչված մարդիկ, այդ թվում՝ Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Նիկի Մինաժը, իսկ որոշ զգեստներ նոր են, որոնք հրաշալի ցուցադրեցին հայ մոդելները:

Հայաստանում ինձ հրաշալի եմ զգում, դուք այնքան ջերմ եք. Երեւանը շատ գեղեցիկ է, ու ես ուրախ եմ, որ այստեղ եմ»,-նշեց նա` հավելելով, որ շուտով նույն վայրում կբացվի նաեւ խանութ-ցուցասրահը։

Հայաստանում JACOB MEIR x ART Haut Couture ցուցադրությունը հնարավոր է դարձել «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ հանրահայտ դիզայների երեւանյան շոուն մեծ կարեւորություն ունի մեր երկրում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից.

«Ջեյկոբ Մեյերն այն դիզայներներից է, որն արդեն շուրջ 45 տարի է՝ աշխատում է միջազգային ճանաչում ունեցող, գրեթե, բոլոր աստղերի հետ: Երբ նա տեսավ այս վայրը, միանգամից ասաց, որ նման շոու իրեն չէր կարող թույլ տալ անգամ Լաս Վեգասում, եւ երեւանյան ցուցադրությունն իր ունեցած ամենաճոխ շոուն է»,-հավելեց նա: 

Երեկոյի հետաքրքիր դրվագները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

 

Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Ալեքս Խաչատրյան



© NEWS.am STYLE