Հայկական հեռուստաընկերությունները հիմնադրել են «Ադամյան» մրցանակաբաշխությունը

19:18   29 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 29-ին՝ Հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը, հիմնադրվել է «Ադամյան» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կպարգեւատրի ոլորտի լավագույններին ու հանրությանը կներկայացնի հայկական հեռուստատեսության ձեռքբերումները։ Մրցանաբաշխության ստեղծման հուշագիրը Երեւանի հեռուստաաշտարակի տարածքում կնքել են հայկական հեռուստաընկերությունների ղեկավարները: 

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրանը Հակոբյանը, շնորհավորելով հեռուստատեսության ոլորտի աշխատակիցներին, նշեց. «Այս մրցանակաբաշխությունը կպատվի ոլորտի նվիրյալներին, կընտրի լավագույններին, կխթանի մրցակցությունը եթերում եւ կբարձրացնի հեռուստաբովանդակության որակը»:

_27A1137.jpg (216 KB)

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարեւորեց այս առանցքային նախաձեռնության շուրջ բոլոր հեռուստաընկերությունների համաձայությունը. «Բավականին երկար ժամանակ համագործակցելով՝ մենք, իսկապես, կարողացանք հաղթահարել տարաձայնությունները: Եվ այսօր կարողանում ենք միասին նշել այս տոնական օրը ու հիմնադրել հեռուստատեսության ոլորտի նոր մրցանաբաշխություն»: 

_27A1204.jpg (219 KB)

Մրցանակաբաշխությունն իր անունը ստացել է գունավոր հեռուստատեսության գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանի պատվին։ Դրան մասնակցելու են հայալեզու բոլոր հեռուստաընկերությունները՝ այդ թվում մարզային սփռում ունեցողները և Սփյուռքում գործողները:

Հայկական հեռուստատեսության աշխատակցի օրն այս տարի նշվում է առաջին անգամ։ Այն սահմանվել է ՀՀ կառավարության որոշմամբ` Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով, որ հենց 1956թվականի նոյեմբերի 29-ին է տրվել Հայկական հեռուստատեսության մեկնարկը։ 


_27A1158.jpg (190 KB)

_27A1270.jpg (146 KB)

_27A1382.jpg (183 KB)

_27A1557.jpg (228 KB)



© NEWS.am STYLE