Balenciaga-ի սկանդալային գովազդի հեղինակը բողոքել է ԱՄՆ-ից հնչող սպառնալիքներից

11:33   30 նոյեմբերի, 2022

Իտալացի լուսանկարիչ Գաբրիել Գալիմբերտին, ով նկարահանել է երեխաների մասնակցությամբ եւ BDSM հագուստով արջուկների առկայությամբ Balenciga-ի նվերների հավաքածուն պատկերող սկանդալային գովազդային արշավը, ասել է, որ իրեն կեղծ մեղադրանք է առաջադրվել մանկապղծության համար եւ բողոքել է սոցցանցերում հիմնականում ԱՄՆ-ի օգտատերերի կողմից հնչող սպառնալիքներից: Լուսանկարիչը մեկնաբանել է իր մասնակցությունը գովազդային արշավի նախապատրաստական աշխատանքներին, գրում է WWD-ին։

Լուսանկարիչը պարզաբանել է, որ ցնցված է մի շարք լրատվամիջոցներում իր մասին արված հրապարակումներից, որտեղ «ամբողջությամբ կեղծ» տեղեկություններ են եւ որոնք գրվել են «առանց իր հետ կապ հաստատելու»:

«Fox News-ը, Newsweek-ը եւ The Daily Mail-ը սարսափելի բաներ են գրել իմ մասին: Հիմա փաստաբանների օգնությամբ դատական հայց եմ ներկայացնելու նրանց դեմ։ Լրատվամիջոցները, հիմնվելով լուրերի վրա, կեղծ տեղեկություններ են հրապարակել: Որպես լրագրող, կարծում եմ, որ դա սարսափելի է. նրանք պարզապես կործանում են իմ կյանքը»,- ասել է Գալիմբերտին:

fotograf.jpg (274 KB)

Լուսանկարիչը բողոքել է՝ նշելով, որ անցած շաբաթը սարսափելի է եղել. նա բազմաթիվ սպառնալից հաղորդագրություններ է ստացել, այդ թվում՝ Instagram-ում եւ Twitter-ում, որտեղ օգտաերերը նրան գրել են. «Մեռի՛ր, մանկապիղծ», «Դու հիվանդ այլասերված ես»: Լուսանկարիչը նշել է, որ գրեթե չի քնում, իսկ ընտանիքն անհանգստացած է։ Նա շեշտել է, որ բախտը բերել է, որ Իտալիայում է ապրում, քանի որ սպառնալիքների 90 տոկոսը ԱՄՆ-ի օգտատերերն են գրել:

Լուսանկարների հեղինակը բացատրել է, որ գովազդայն արշավի ձեւավորման համար պատասխանատվություն չի կրում՝ նշելով, որ իր 20-ամյա կարիերայի ընթացքում Balenciaga-ի գովազդային արշավն առաջին աշխատանքն էր նորաձեւության ոլորտում. Գաբրիել Գալիմբերտին հայտնի է որպես վավերագրական լուսանկարիչ:

«Ես իսկապես հուսով եմ, որ Balenciaga-ի շուրջ ստեղծված սկանդալը չի ​​ոչնչացնի վավերագրական լուսանկարչի իմ կարիերան: Ես արդեն կորցրել եմ առաջիկա շաբաթների համար նախատեսված մի քանի նախագծեր»,- խոստովանել է Գալիմբերտին:

Լուսանկարը ` Global Look Press



© NEWS.am STYLE