Երեւանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը։ Մրցույթի բացման արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, որտեղ այս տարվա բոլոր 16 երկրների պատվիրակները սկզբում քայլեցին կարմիր գորգով, այնուհետեւ միասին վառեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց հատուկ մրցույթի համար գրված մյուզիքլ, բեմում ելույթ ունեցան նաեւ «Մանկական Եվրատեսիլի» տարբեր տարիների հաղթողներն ու մրցույթի հայ մասնակիցները։
Տոնական երեկոյի հաղորդավարներն էին՝ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Դալիթան, հեռուստա-ռադիոհաղորդավար Համլետ Առաքելյանը եւ 2014 թ-ի «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրած Արամ Mp3-ն։
Մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Այս տարի մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները եւ Ուկրաինան։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը հոբելյանական է․ այն անցկացվում է 20-րդ անգամ, որից երկուսը՝ Հայաստանում։ Երեւանը մրցույթը հյուրընկալել էր նաեւ 2011 թ-ին՝ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։ Հայաստանն այս տարվա մրցույթում DANCE! երգով ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանը։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Մանկական Եվրատեսիլի» բացման պաշտոնական արարողության ֆոտոռեպորտաժը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի