«Միմյանց հետ չմրցել, այլ ընկերանալ»․ Մալենայի խորհուրդը՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներին ու սպասվող նորությունը (վիդեո)

19:05   9 դեկտեմբերի, 2022

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հաշված օրեր են մնացել։ Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մրցույթի գլխավոր համերգը, որին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ։ Այդ օրը ելույթով հանդես կգա նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։ Նա բեմում կներկայացնի նոր երգ։ Այսօր լրագրողների հետ զրույցում 15-ամյա երգչուհին նշեց, որ մինչ մրցութային համերգը երկրպագուների դատին կհանձնի տվյալ երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը։

Երգչուհին կիսվեց նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներին ուղղված իր խորհրդով․ 

«Հավատս չի գալիս, որ իմ հաղթանակի շնորհիվ այս ամենը հիմա կատարվում է Հայաստանում։ Ես, նույնիկս, չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսքան մասշտաբային ու շքեղ կլինի։ Ինչ վերաբերում է այս տարվա մասնակիցներին՝ նրանցից շատերին արդեն հանդիպել եմ։ Խորհուրդ եմ տվել միմյանց հետ չմրցել, այլ ընկերանալ՝ լավ հիշողություններ ունենալու համար։ Հիմա շատ եմ կարոտում իմ եվրատեսիլյան օրերը։ Դրանք երեւի իմ կյանքի ամենալավ օրերից են եղել»,-նշեց նա։

Մալենայի ամբողջական հարցազրույցը՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։

Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE