Լուսանկարիչ Գաբրիելե Գալիմբերտին պատմել է, թե ինչպես են անցել Balenciaga-ի սկանդալային նկարահանումները

10:27   11 դեկտեմբերի, 2022

Իտալացի լուսանկարիչ Գաբրիելե Գալիմբերտին The Guardian-ին տված հարցազրույցում խոսել է Balenciaga-ի համար սկանդալային նկարահանումների մասին։

Հիշեցնենք, որ ապրանքանիշին մեղադրում են մանկապղծություն քարոզելու մեջ՝ գովազդային ֆոտոշարքի պատճառով, որում երեխաները նկարահանվել են ԲԴՍՄ ոճի աքսեսուարներով: Լուսանկարներից մեկում պատկերված էր մանկական պոռնոգրաֆիան հիմնավորող դատական ​​փաստաթուղթ։ Գաբրիելեի խոսքով՝ սկանդալի պատճառով իր վրա հարձակվել են համացանցում եւ նույնիսկ սպառնացել են։

«Ես հաղորդագրություններ եմ ստանում, ինչպիսիք են՝ «Մենք գիտենք, թե որտեղ ես դու ապրում», «Մենք գալիս ենք սպանելու քեզ եւ քո ընտանիքին», «Մենք այրելու ենք քո տունը», «Դու պետք է ինքնասպան լինես, անիծյալ մանկապիղծ» եւ այլն», - պատմել է լուսանկարիչը:

Գաբրիելեի խոսքով՝ սկզբում նա ոչ մի վատ բան չի տեսել Balenciaga նախագծի մեջ եւ ԲԴՍՄ ոճի առկայությունը կապել է պանկ-մոդայի հետ։

«Երբ [երեխաները] տեսան այդ խաղալիք-պայուսակները, բոլորն ասացին՝ դրանք պանկ են։ ԲԴՍՄ-ի մասին խոսք չի եղել», - կիսվել է Գալիմբերտին՝ հավելելով, որ ֆոտոշարքին մասնակցել են Balenciaga-ի աշխատակիցների երեխաները։ Նկարահանումներին ներկա են եղել նրանց ծնողները։

Սա Գալիմբերտիի առաջին փորձն էր որպես նորաձեւության գովազդային լուսանկարիչ: Նա վստահեցնում է, որ դրա պատճառով իրեն չեն վստահել ո՛չ արշավի թեմայի, ո՛չ դրա ոճի ընտրությունը, իր բոլոր քայլերը խստորեն վերահսկվել են ապրանքանիշի կողմից։ Գաբրիելեի կարծիքը հարցրել են միայն այնպիսի հարցերում, ինչպիսին է վարագույրների գույնի ընտրությունը։

Ի սկզբանե փորձնական կադրերում երեխաների փոխարեն նկարահանվել են մանեքեններ։ Այս լուսանկարներն ուղարկվել են «ինչ-որ մեկի շտաբ»: Որոշ ժամանակ անց նախագիծը հավանության է արժանացել, իսկ հետո երեխաներին ծնողների ուղեկցությամբ բերել են ստուդիա։ Գալիմբերտին նշել է, որ չգիտի, թե ով է հավանություն տվել լուսանկարներին: Նա երբեք չի հանդիպել կամ խոսել Balenciaga-ի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի հետ։



© NEWS.am STYLE