1940 թվականի այս օրը մահացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանը

20:22   13 դեկտեմբերի, 2022

Այսօր հայ նկարիչ Ստեփան Աղաջանյանի մահվան օրն է: News.am STYLE ձեզ է ներկայացնում արցախցի նկարչի կյանք ու ստեղծագործական ուղին:

Ստեփան Աղաջանյանը ծնվել է 1863 թվականի դեկտեմբերի 16-ին Շուշիում, դերձակի ընտանիքում:Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, ապա ռուսական ռեալական ուսումնարանում: 1884 թվականին մեկնել է Բաքու, իսկ 1886-ին անցել Ֆրանսիա`որտեղ էլ ստացել է հիմնական նկարչական կրթութունը: 1886-ից 1890 թվականներին Ստեփան Աղաջանյանը սովորել է Մասելի նկարչական ստուդիայում, ապա 1897-ից 1900 թվականներին ուսումը շարունակել Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում:

1900 թվականին արդեն վարպետացած նկարիչը վերադարձել է Շուշի, սակայն երկու տարի անց մեկնել Բաքու, որտեղ էլ աշխատել է մինչեւ 1904 թվականը եւ տեղափոխվել Դոնի Ռոստով՝ հանրակրթական դպրոցներում եւ Պետական նկարչական ստուդիայում դասավանդելու:

1921 թվականին նկարիչը վերադարձել է հայրենիք եւ մինչեւ 1929 թվականը դասավանդել գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ) որպես գեղանկարչության ուսուցիչ: 1938 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը:

Սեփան Աղաջանյանը մահացել է 1940 թվականի դեկտեմբերի 13-ին Երեւանում՝ թողնելով դիմանկարների հսկայական ժառանգություն:



© NEWS.am STYLE