Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար»-ի հավակնորդների կարճ ցուցակը

12:21   23 դեկտեմբերի, 2022

Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին՝ տասը անվանակարգերում: Ցուցակը հրապարակել են մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Hollywood Reporter-ը։

Ընդհանուր առմամբ անվանակարգերում ընդգրկվել է 144 ֆիլմ, որոնցից միայն 15-ն են ընդգրկվել կարճ ցուցակում, իսկ հետագայում այդ թիվը կկրճատվի եւ կհասնի հինգի։ Հավակնորդների թվում են Մարգարեթ Բրաունի «Սերունդը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է աֆրիկացի ստրուկների ժառանգների մասին, Սառա Դոսայի «Սիրո հրաբուխը», ինչպես նաեւ Բրետա Մորգենի «Դեւիդ Բոուի․ Moonage Daydream»-ը։

Հրապարակվել են նաեւ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հավակնորդների անունները։ Բացի այդ, «Օսկարի» հավակնորդները ներկայացված են «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն դիմահարդարում եւ վարսահարդարում», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում:



© NEWS.am STYLE