Adidas-ը կդադարեցնի Balenciaga-ի հետ համագործակցությունը

11:21   24 դեկտեմբերի, 2022

Adidas ընկերությունը կվերանայի իր համագործակցությունը Balenciaga-ի հետ՝ բրենդի մանկապղծության քարոզչության մասին սկանդալի պատճառով: Այս մասին գրում է Sneaker Freaker-ը եւ մեջբերում Adidas-ի հաճախորդներին ուղղված նամակներից մի հատված, որոնք նախապես պատվիրել են համատեղ հավաքածուի իրերը։

«Մենք ընդմիջում ենք վերցրել՝ վերանայելու մեր համագործակցությունը Balenciaga-ի հետ եւ որոշել ենք հավաքածուի բոլոր իրերի թողարկումը սառեցնել»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ չի կարող պատվերները կատարել։

Հրատարակության համաձայն՝ Balenciaga-յի կայքում եւս հնարավոր չէ համատեղ հավաքածուից պատվերներ գրանցել՝ հաճախորդները հաղորդագրություններ են ստանում առաքման ուշացման մասին։

Նախկինում Balenciaga-ն սկանդալի կենտրոնում էր հայտնվել հակասական գովազդի պատճառով, որտեղ երեխաները լուսանկարվել էին ԲԴՍՄ ոճի աքսեսուարներով: Կադրերից մեկում պատկերված էր մանկական պոռնոգրաֆիան հիմնավորող դատական ​​փաստաթուղթ։ Բրենդին մեղադրել են մանկապղծությունը քարոզելու մեջ։



© NEWS.am STYLE