Շվեդիայից մի զույգ որոշել է գնել Last Christmas երգի իրավունքները, որպեսզի այլեւս չլսի այն

11:21   30 դեկտեմբերի, 2022

Wham! դուետի Last Christmas երգն այնքան է հոգնեցրել շվեդ ամուսիններին, որ նրանք որոշել են գնել ստեղծագործության իրավունքները եւ ոչնչացնել այն։ Այս մասին գրում է NME-ն։

Իրենց նպատակի համար Մազետիները դրամահավաք են կազմակերպել եւ արդեն հասցրել են ավելի քան 50 հազար ֆունտ ստերլինգ հավաքել։ Ահա թե ինչպես է դա մեկնաբանել 33-ամյա Հաննա Մազետին, որը 20 տարեկանից արդեն չի սիրել այդ երգը։ Նա աշխատելիս է եղել սրճարանում, իսկ նրա ղեկավարը սինգլն անընդհատ միացնում էր հաստատությունում։ «Օրվա ընթացքում երգը 111-րդ անգամ լսելուց հետո սրճարանի աշխատակիցները հոգեվարքի մեջ էին ընկնում», - հայտարարել է Մազետին: Կինը շեշտել է, որ ո՛չ ինքը, ո՛չ ամուսինը թշնամանք չունեն երգի կատարողների նկատմամբ։ «Մենք պարզապես զգացինք, որ պետք է աջակցենք այն մարդկանց, ովքեր տառապում են մեզ նման», - ընդգծել է նա։

Last Christmas երգի իրավունքները պատկանում են Warner Chappell Music UK-ին։ Դրանց արժեքը, ըստ Daily Mail-ի, կազմում է մոտ 15-20 մլն ֆունտ ստերլինգ։

Լուսանկարը՝ Wham!



© NEWS.am STYLE