«Կցանկանայի, որ Չարլզ III-ը եւ արքայազն Ուիլյամը վերադառնային իմ կյանք»․ արքայազն Հարրի

11:23   4 հունվարի, 2023

Արքայազն Հարրին իր «Spare» հուշագրության թողարկմանն ընդառաջ հարցազրույց է տվել ITV-ին, որի ամբողջական տարբերակը հանդիսատեսը կտեսնի հունվարի 8-ին։

Հարցազրույցի պրոմո տեսահոլովակը պարունակում է լրագրող Թոմ Բրեյդիի հետ Հարրիի զրույցից մի հատված, որում Չարլզ III թագավորի կրտսեր որդին ասում է, որ ցանկանում է «վերադարձնել» հորն ու եղբորը, սակայն նրանք ցանկություն չեն հայտնում հարաբերություններ հաստատել իր հետ։  Սասեքսի դուքսի խոսքով՝ թագավորական ընտանիքի համար ձեռնտու է, որպեսզի նա եւ կինը՝ Մեգան Մարքլը «չարագործների» դերում լինեն։

Հարրին նաեւ նշել է, որ ինքը «ընտանիք է ուզում, ոչ թե պետական ​​հաստատություն», եւ կրկին մեղադրել է հարազատներին, որ պաշտպանում են միայն նրանց, ում պետքական են համարում։ «Վերջին վեց տարիների ընթացքում մեզ ասում էին. «Մենք չենք կարող հայտարարություններ անել ձեր պաշտպանության համար», բայց դա արվել է ընտանիքի մյուս անդամների համար։ Ի վերջո՝ լռությունը հավասարազոր է դավաճանությանը։

Արքայազն Հարրիի եւ նրա ընտանիքի հարաբերությունները վատացան այն բանից հետո, երբ նա եւ Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական լիազորություններից ու 2020 թվականին տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Դրանից հետո Սասեքսի դուքսերը բազմիցս խոսել են Բուքինգհեմյան պալատում իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքի եւ թագավորական ընտանիքի անդամների կողմից ռասիզմի դրսեւորումների մասին։ Օփրա Ուինֆրիի հետ նրանց հարցազրույցը, որում հնչել են այս պնդումները, առաջացրել է հասարակական լայն արձագանք:



© NEWS.am STYLE