Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում

14:30   4 հունվարի, 2023

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթը 2023թ-ին կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։ Այս մասին հայտնում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։

Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես մրցույթը կմեկնարկի հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, եւ կանցկացվի մինչեւ հունիսի 13-ը։ Ի դեպ, տարին հոբելյանական է. 2023թ-ին նշվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակը։

Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 35 տարեկան դաշնակահարներ՝ անկախ ազգությունից եւ քաղաքացիությունից։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 30-ը:
Խաչատրյանական մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, աշխարհում հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։



© NEWS.am STYLE