Ռոզա Լինը` 2023 թ-ի բեկումնային արտիստների շարքում․ Shazam հավելվածի կանխատեսումները

11:05   5 հունվարի, 2023

Billboard.com-ը գրում է՝ Shazam հայտնի հավելվածը հրապարակել է 2023 թ-ի կանխատեսումների ցուցակը, որում ներառված է  50 արտիստ, որոնք, ըստ հավելվածի, ունեն պոտենցիալ 2023 թ-ին դառնալու բեկումնային։

Ցուցակը կազմվել է Apple Music-ի հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով տարբեր երաժշտական հավելվածների ուսումնասիրությունները։

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, ռեփեր Ice Spice-ը, Young Miko-ն, Charlieonnafriday-ը եւ Բենսոն Բունը, Shazam-ի կանխատեսումներով, այն թոփ արտիստներն են, որոնք ամենամեծ հնարավորություններն ունեն բեկումնային դառնալու։

«Հրաշալի է, որ աշխարհում տարբեր մարդիկ կարող են բացահայտել իմ երաժշտությունը Shazam-ի միջոցով։ Նրանք կարող են լսել երգը, հավանել եւ միանգամից պարզել, թե ով է այն կատարում։ Դրա շնորհիվ ես ձեռք եմ բերում երկրպագուների, եւ դա, իր հերթին, նպաստում է երգի տարածմանը»,-Apple Music-ին հայտնել է Ռոզա Լինը։

6-1.jpg (890 KB)

Երգչուհին Հայաստանը «Եվրատեսիլ»-ին ներկայացնում էր Snap երգով, որը մրցույթի եզրափակչում զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը, բայց, իրապես, բեկումնային էր դարձել Ռոզայի համար։ Այն մեծ տարածում էր գտել տարբեր երաժշտական հարթակներում եւ միլիոնավոր տեսանյութերի հնչյուն դարձել TikTok-ում։ Այսօր հայ երգչուհին ամերիկյան Columbia Records-ի արտիստներից է։ 



© NEWS.am STYLE