Rolling Stone ամսագիրը քննադատության է արժանացել լավագույն կատարողների նոր վարկանիշային ցուցակում Սելին Դիոնի բացակայության համար

23:03   5 հունվարի, 2023

Rolling Stone ամսագիրը, որը 2008 թվականից ի վեր առաջին անգամ հրապարակել է բոլոր ժամանակների 200 լավագույն կատարողների ցուցակը, համացանցում քննադատության է արժանացել։ Երկրպագուները վրդովված էին, որ Գրեմմիի հնգակի դափնեկիր Սելին Դիոնը ցուցակում չի ընդգրկվել:

«Ամենայն հարգանքով, սակայն Սելին Դիոնին չընդգրկել այս ցուցակում... Հնարավոր է նա բոլոր ժամանակների լավագույն կին վոկալիստն է: Սա դավաճանության նման մի բան է»,- Twitter-ում գրել է երաժշտական ​​պրոդյուսեր Ջեյմի Լամբերտը։

Rolling Stone-ի ցուցակը գլխավորել է soul ոճի երգչուհի Արետա Ֆրանկլինը, որին հաջորդում է Ուիթնի Հյուսթոնը ապա Սեմ Քուքը: Նրանցից բացի վարկանիշային ցուցակում են հայտնվել Բիլլի Այլիշը, The Weeknd-ը, Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Ռիհաննան եւ այլոք։ Վարկանիշը կազմողներն ընդգծել են, որ «սա լավագույն կատարողների, ոչ թե լավագույն ձայների ցանկ է»։



© NEWS.am STYLE