Հայտնի է՝ ով է հանդես գալու «Գլադիատոր» ֆիլմի սիքվելի գլխավոր դերում

15:12   7 հունվարի, 2023

Deadline -ը հայտարարել է «Գլադիատոր» պատմական էպոսի շարունակության գլխավոր դերի քասթինգի ավարտի մասին: Ռիդլի Սքոթի ֆիլմի գլխավոր դերում հանդես կգա իռլանդացի Փոլ Մեսկալը։

Աղբյուրի խոսքերով՝ քասթինգին մասնակցել են Թիմոթի Շալամեն, Օսթին Բաթլերը, Մայլս Թելլերը եւ Ռիչարդ Մեդենը: Մեսկալն առաջիններից էր, ով հանդիպել է ռեժիսորի հետ եւ «ֆանտաստիկ» տպավորություն թողել նրա վրա։

Երկրորդ ֆիլմի սյուժեի գործողությունները կծավալվեն օրիգինալ «Գլադիատոր»-ից 25 տարի անց։ Կենտրոնում կլինի Լյուսիոսը՝ հռոմեական անխիղճ կայսր Կոմոդոսի եղբորորդին։ Սցենարը գրել է Դեւիդ Սկարպան, ում հետ Սքոթն աշխատել է որոշ ֆիլմերում։

Առաջին ժապավենը թողարկվել է 2000 թվականին, աշխարհում վաստակել է 460 միլիոն դոլար եւ ստացել հինգ «Օսկար», այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն դերասան» (Ռասել Քրոու) անվանակարգերում: Շարունակության մասին առաջին անգամ հայտարարվել է 2018թ.-ին։ Նկարահանումները պայմանականորեն տեղի կունենան Մարոկկոյում։ «Գլադիատոր 2»-ը կֆինանսավորվի Universal Studios-ի կողմից:



© NEWS.am STYLE