Ռեփեր French Montana-ն հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ տասը մարդ վիրավորվել է իր տեսահոլովակի նկարահանման հրապարակում

12:27   8 հունվարի, 2023

Ամերիկացի ռեփեր French Montana-ն մեկնաբանել է իր տեսահոլովակի նկարահանման հրապարակում տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի ժամանակ տուժել է տասը մարդ։ Նա Twitter-ում գրել է, որ նկարահանող խումբն ու միջադեպի զոհերը «սխալ պահին սխալ տեղում են եղել»։

«Անցած գիշեր ես Մայամիում էի, որտեղ ընկերների հետ տեղական ռեստորանում տոնում էի իմ «CB6» միքսթեյփի թողարկումը: Ցավոք, մենք սխալ տեղում եւ սխալ պահին հայտնվեցինք, երբ տեղի ունեցավ մի դեպք, որը մարդկանց ցավ պատճառեց»,- գրել է նա։ «Մեր մտքերն ու աղոթքները զոհերի եւ նրանց ընտանիքների հետ են»:

Ականատեսներից մեկը պատմել է, որ ինքը դուրս է եկել տեսահոլովակի նկարահանումը դիտելու, եւ ինչ-որ պահի ամբոխից մի մարդուց խլել են ժամացույցը, բանալիները եւ դրամապանակը։

«Նա խնդրել է զանգահարել մորը եւ տեսնել, թե կարո՞ղ ենք մեքենայի պահեստային բանալիները վերցնել ու համոզվել, որ ամեն ինչ կարգին է, իսկ հետո կրակոցներ հնչեցին», - հայտարարել է վկան: Դեռ չի նշվում՝ ինչ-որ մեկն է կրակել ամբոխի վրա, թե փոխհրաձգություն է եղել։



© NEWS.am STYLE