Միկրոինսուլտից հետո․ Հեյլի Բիբերը պատմել է հետտրավմատիկ համախտանիշի մասին

11:29   9 հունվարի, 2023

Vogue-ի «The Run Through» փոդքաստում Հեյլի Բիբերը պատմել է, որ անցյալ տարի վերապրած միկինսուլտից հետո տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։

Մոդելի խոսքով՝ ինքը վախենում էր, որ տեղի ունեցածը կարող է կրկնվել, եւ չէր կարող ազատվել անհանգստության զգացումից․ «Միկրոինսուլտն ամենասարսափելի բանն էր, որ երբեւէ պատահել է ինձ հետ։ Այնքան սարսափազդու եւ հանկարծակի էր․․․ այն ինձ ամբողջությամբ հանեց հավասարակշռությունից»:

Հեյլին խոստովանել է, որ որոշ ժամանակ չի կարողացել նույնիսկ մոտենալ Փալմ Սփրինգսին (Կալիֆորնիա), որտեղ ամեն ինչ տեղի է ունեցել, քանի որ իրեն պատել են սարսափելի հիշողությունները։ Սակայն, նա նշել է, որ եթե չլիներ այդ միջադեպը, ինքը «երբեք չէր իմանա իր սրտի բացվածքի մասին»։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Հեյլին հոսպիտալացվել էր թեթեւ ինսուլտով, նա ենթարկվել էր սրտի վիրահատության։

Այժմ մոդելն աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին եւ փորձում է չմտածել, թե ինչից է բախտ վիճակվել խուսափել. «Ի վերջո, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ ավարտվել։ Այնքան սարսափելի բաներ կարող էին լինել այդ պահին»։

Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են իրեն հաղթահարել հիվանդությունը։



© NEWS.am STYLE