Արքայազն Հարրին հրապարակավ վիրավորել է Կամիլա Փարքեր-Բոուլզին

14:19   9 հունվարի, 2023

Թվում է, թե արքայազն Հարրին ամեն ինչ անում է թագավորական ընտանիքի հետ հարաբերություններին ընդմիշտ վերջ տալու համար։ Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն արվել է ինքնակենսագրական «Spare» («Պահեստային») գրքի հրատարակման կապակցությամբ, դուքսը վիրավորել է Կամիլա Փարքեր-Բոուլզին:

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ասել է, որ իր խորթ մայրը՝ թագուհի կոնսորտ Կամիլան, «վտանգավոր չարագործ է», որն իր ուզած կարգավիճակին հասնելու ճանապարհին «մարմինները  թողնում է փողոցներում»: Համապատասխան հայտարարությունը նա արել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նա տվել է իր ինքնակենսագրական «Spare» («Պահեստային») գրքի հրատարակման կապակցությամբ:

Լրագրողի հետ զրույցում նա պնդել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կինը կազմակերպել է լրատվամիջոցներում տարբեր արտահոսքեր՝ բրիտանական ազդեցիկ մամուլի աջակցությունը ստանալու եւ հասարակության մեջ իր դիրքերն ու հեղինակությունն ամրապնդելու համար։ Հարրիի խոսքով՝ Կամիլան ստիպված է եղել «վերականգնել չարագործի իր կերպարը»։ Ինչպես բացատրել է դուքսը, թագուհին հատկապես «վտանգավոր» էր մամուլի հետ իր կապերի պատճառով։

«Նա չարագործ էր, ամուսնության մեջ երրորդ անձը», - ասել է արքայազնը: «Եթե առաջին էջերին հայտնվելը, դրական վերնագրերն ու պոզիտիվ պատմությունները բարելավում են ձեր դիրքը եւ մեծացնում են հավանականությունը, որ հանրությունը ձեզ կընդունի որպես միապետ, ապա դուք դա կանեք», - նշել է Հարրին։



© NEWS.am STYLE