Մտերիմ մարդուն ցավ պատճառելու 5 միջոց

21:32   17 հունվարի, 2023

1. Ստորացում

Երբ վեճն իր գագաթնակետին է հասնում, մեծանում է ցանկացած գնով հաղթելու ցանկությունը։ Բայց եթե հաղթանակի գինը ստորացնում է զուգընկերոջը, կարելի է հեշտությամբ կորցնել այդ հարաբերությունները։ Վեճի թեժ պահին մենք զուգընկերոջ վրա ենք լցնում կեղտի մեծ կույտ։ Դա կարող է լինել վիրավորանքների տեսքով, թերությունները մատնանշելու, նման «այլանդակին» լքելու սպառնալիքների եւ այլն։ Երբ փոթորիկը մարում է, դուք հաշտվում եք եւ ամեն բան մոռանում։ Բայց սովորաբար վեճի պահին դուք հարվածում եք ամենացավոտ տեղերին։ Վիրավորանքը միգուցե մոռացվում է, բայց նստվածքը մնում է։

2. Համեմատություն

Շատ նորմալ է, որ ձեր զուգընկերը ամեն հարցում չի գոհացնում ձեզ։ Եվ հասկանալի է, որ դուք ուզում եք նրան ավելի լավը դարձնել։ Հարցը մեթոդն է։ Շատերը գործի են դնում խորհրդային մանկավարժական մեթոդը՝ համեմատությունը։

Ի՞նչ է լինում, երբ ձեզ ինչ–որ մեկի հետ է համեմատում սիրելի մարդը։ Դուք վիրավորվում եք եւ ցավ եք ապրում։ Ստացվում է, որ համեմատությունը քիչ արդյունավետ միջոց է։ Իսկ ինչպե՞ս հայտնել, որ ընկերոջը մեջ ձեզ մի բան դուր չի գալիս։ Փորձեք զրուցել։

Ենթադրենք, որ ձեզ դուր չի գալիս նրա կազմվածքը։ «Իսկ դու չէի՞ր ուզի մարզասրահ գնալ։ Ես պատրաստվում եմ, քանի որ լցվել եմ, բայց միայնակ չեմ ուզում գնալ։ Արի միասին գնանք»։ Եթե զուգընկերը համաձայնում է, լավ է, բայց կարող է եւ հրաժարվել։ Դա մարդու դիրքորոշումն է, եւ դրա հետ բան չես անի։ Ստիպված եք որոշել, թե որն է կարեւոր՝ զուգընկերոջ կազմվա՞ծքը, թե՞ հարաբերությունները նրա հետ։

3. Արժեզրկում

Պատկերացրեք, որ նոր զգեստ եք գնել։ Վազում եք ընկերուհու մոտ եւ պարծենում։ Իսկ նա ասում է, թե նման զգեստ արդեն ունեիր։ Ավելի լավ կլիներ հին վերարկուդ փոխեիր…

Գնումների հաճույքը խամրեց։

Ի դեպ, նման իրավիճակում տղամարդը հասկանում է, որ իր առօրյա գործերը ձեզ չեն հետաքրքրում։ Այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ նա կգնա այնտեղ, որտեղ նրան լսում են։ Եվ պարտադիր չէ, որ դա կլոր հետույքով շիկահեր լինի։ Դա կարող է սովորական կին լինել, որն ուղղակի կարողանում է ուշադիր լինել։ Իսկ եթե ձանձրանում ես լսե՞լ։ Բնական է, որ ձեր եւ ձեր զուգընկերոջ հետաքրքրությունները տարբերվում են, սակայն մտերիմ մարդու գործերի նկատմամբ հարգանքը պետք է մնա։ Իսկ եթե դե առհասարակ չեք դիմանում նրան լսելիս, միգուցե հասկանաք, արդյոք ճի՞շտ մարդու հետ եք ձեր կյանքը կապել։

4. Լռություն, այսինքն՝ անտեսում

Իմ մանկության դասական տեսարանը։ Եթե մայրիկը նեղացել է, մայրիկը լռում է եւ չի բացատրում դրա պատճառը։ Իսկ ես ինքս պետք է գիտակցեի իմ անարժան վարքը։ Բայց ինձ համար անհասկանալի էր նրա լռությունը։ Դրա փոխարեն հիշում եմ, որ շատ սարսափելի եւ անհարմարավետ էր նման մանկություն ունենալը։ Իսկ մեծանալով՝ ես սկսեցի ակտիվորեն կիրառել շփման «ընտանեկան» մեթոդը։

Ձեր նման վարքով դուք ցույց եք տալիս, որ դիմացինն է մեղավոր ձեր «փախուստի» մեջ։  Իսկ նա միայնակ է մնում՝ մոլորված եւ շփոթված։ Եվ ամեն նման պատմությունից հետո երբեմնի մտերմությունից ոչինչ չի նմում։ Այնքան ժամանակ, մինչեւ դրանից առհասարակ ոչինչ չմնա։

5. Խոսակցությունից փախչել

Քամահրանքով, ծաղրով, վեճը ժխտելով։ Դուք ասում եք ձեր ընկերոջը. «Արի խոսենք այն մասին, թե ինչ է պատահել երեկ։ Դու ինձ ցավ ես պատճառել քո արարքով»։ Իսկ նա ասում է. «Վայ իմ լացկա՜ն, քեզ էլ միայն լացելու բան է պետք»։ Կամ էլ. «Դե եղել եղել է, ինչ մի հիշելու բան է»։

Կամ ամուսինը ձեզ ասում է. «Արի քննարկենք բյուջեն»։ Իսկ դուք. «Վայ, ես պիտի Ռուզաննային զանգեմ, թե չէ կնեղանա»։

Մտերիմ մարդու համար նման արարքները խոսում են ձեր անտարբերության մասին։ Դուք նրան ցավ եք պատճառում։ Իսկ ինչպե՞ս հաղթահարել խոսակցության վախը։ Ուղղակի խոսեք ձեր վախերի մասին։



© NEWS.am STYLE