Հայտնի է գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը

11:22   13 հունվարի, 2023

Գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն էր։ Այս մասին Insider-ին հայտնել է նրա գործակալ Կորին Նիկոլասը։

«Տատյանան մահացել է այսօր առավոտյան Կալիֆոռնիայում: Մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է»,- ասել է գործակալը։

Պատիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում: Այս պատմական լուսանկարնը ազդարարել է մոդելային ոլորտում նոր դարաշրջանի եւ սուպերմոդելների՝ փոփ մշակույթ մուտք գործելու սկիզբը: Բացի այդ Պատիցը Լինդբերգի սիրելի մոդելներից էր, եւ հենց նա էլ նպաստեց նրա հաջող կարիերայի մեկնարկին:

tatyana-patitc-foto_18.jpg (47 KB)

Պատիցը ծնվել է Համբուրգում՝ էստոնացի մոր եւ գերմանացի հոր ընտանիքում։ Դեռեւս շատ փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել է Շվեդիայի հարավաում գտնվող Սկաներ ծովափնյա քաղաք եւ 17 տարեկանում Ստոկհոլմում մասնակցել է մոդելային մրցույթի։

«Նա շատ ավելի քիչ նկատելի էր, քան իր հասակակիցները՝ ավելի առեղծվածային, ավելի հասուն, ավելի անհասանելի, եւ դա գրավիչ էր»,- պատմել է Աննա Վինտուրը։

Պատիցը բազմիցս նկարահանվել է Vogue-ի համար, աշխատել Հերբ Ռիցի եւ Պատրիկ Դեմարշելյեի հետ, ինչպես նաեւ հայտնվել Ջորջ Մայքլի՝ «Freedom '90» տեսահոլովակում:

Վերջին անգամ սուպերմոդելը հանրության մեջ է հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ որդու հետ մասնակցել է Բեռլինում կայացած սոցիալական մի միջոցառման:



© NEWS.am STYLE