Ջեֆրի Դամերի զոհերից մեկի մայրը դատապարտել է Էվան Փիթերսի` «Ոսկե գլոբուսի» հաղթանակը

23:24   14 հունվարի, 2023

TMZ-ին տված հարցազրույցում մոլագար Ջեֆրի Դամերի կողմից սպանվածներից մեկի մայրը քննադատել է դերասան Էվան Փիթերսի հաղթանակն օրերս կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։ Նա արժանացել է լավագույն դերասան մրցանակին՝ «Հրեշը. Ջեֆրի Դամերի սպանությունը» ֆիլմում կերտած դերի համար։

Ըստ Շիրլի Հյուզի՝ Դամերի վերջին զոհերից մեկի՝ Թոմ Հյուզի մոր, նման ուշադրությունը «կրկին անգամ տրավմայի է ենթարկում բոլոր ներգրավվածներին»։

«Աշխարհը լի է հիվանդ մարդկանցով։ Մոլագարների դերերը մրցանակներ են ստանում, եւ դա միայն աջակցում է մոլագարությանը: Սա թույլ է տալիս հիվանդ մարդկանց վայելել համբավը: Ամոթ է, որ մարդիկ կարող են օգտվել մեր ողբերգությունից ու դրանից փող աշխատել։ Զոհերը ոչ մի ցենտ չեն ստացել։ Մենք ամեն օր անցնում ենք այս զգացմունքների միջով»,- վրդովվել է Հյուզը:

Նա նաեւ հայտարարել է, որ Փիթերսն իր ելույթի ժամանակ պետք է շնորհակալություն հայտներ զոհերի ընտանիքներին։ Դերասանը միայն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր դիտել են շոուն.

«Դժվար էր նկարահանելը, դժվար էր դիտելը, բայց ես անկեղծորեն հույս ունեմ, որ ինչ-որ լավ բան ստացվել է»:

«Հրեշը. Ջեֆրի Դամերի սպանությունը» ֆիլմը հայտնվել է Netflix-ում սեպտեմբերին եւ դարձել է ծառայության պատմության ամենադիտված շոուներից մեկը:



© NEWS.am STYLE