«Wednesday» սերիալի աստղը մեղադրվում է բռնության մեջ

16:21   20 հունվարի, 2023

Մի քանի կանայք «Wednesday» սերիալի աստղ Փերսի Հայնես Ուայթին մեղադրել են բռնության մեջ: Դերասանի պահվածքը մասին առաջին անգամ հայտնել է Twitter-ի մի օգտատեր՝ milkievich անունով։

Նա պատմել է, որ դերասանն ապրում է Տորոնտոյում, որտեղ հայտնի է որպես մարդ, ով կանանց անընդհատ ստիպում է սեքսով զբաղվել եւ նրանցից մերկ լուսանկարներ է պահանջում։ Աղջկա խոսքով՝ Ուայթը խնջույքներ է կազմակերպում իր տան նկուղում, որտեղ ընկերների հետ կանանց ալկոհոլ եւ թմրանյութ են առաջարկում, որպեսզի նրանք համաձայնեն սեռական հարաբերություններով զբաղվել։ Նշվում է, որ նա իբր 13-ամյա աղջկա է հրավիրել նման երեկույթի, իսկ հետո թմրանյութ է առաջարկել ու սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։

Օգտատերը պնդում է, որ այս իրադարձություններից մեկի ժամանակ դերասանը մի անգամ հարձակվել է իր վրա։ Նա նաեւ ընդգծում է, որ Ուայթին արդեն մեղադրել են բռնության մեջ, սակայն դրանց մասին մանրամասներ չեն հաղորդվում։

karissbs անունով օգտատերը շնորհակալություն է հայտնել եւ գրել․ «Զզվելի է գիտակցել, թե ինչ է նա արել ինձ եւ մյուս կանանց հետ»:

Մեկնաբանություններում այլ մարդիկ են հայտնվել, որոնք հաստատել են գրառման հեղինակի խոսքերը։ Շատերը նշել են, որ Ուայթն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում կանանց նկատմամբ եւ վիրավորում է, եթե նրանք հրաժարվում են կատարել իր պահանջները: Քննադատությունների եւ մեղադրանքների պատճառով դերասանը փակել է իր սոցցանցերում մեկնաբանությունները։



© NEWS.am STYLE