Netflix-ի համահիմնադիր Ռիդ Հասթինգսը լքում է գլխավոր տնօրենի պաշտոնը

23:15   20 հունվարի, 2023

Netflix-ի համահիմնադիր Ուիլմոտ Ռիդ Հասթինգսը հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ստանձնելու ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Գործարարի նամակը, որում հայտարարվել է այս մասին, հրապարակվել է ընկերության կայքում։

«Տնօրենների խորհուրդը եւ ես հավատում ենք, որ հիմա ճիշտ ժամանակն է ավարտելու իմ իրավահաջորդությունը... Առաջ գնալով ես կծառայեմ որպես տնօրենների խորհրդի գործադիր նախագահ»,- գրել է սթրիմինգային ծառայության հիմնադիրը։

Ռիդ Հասթինգսը Netflix-ի համահիմնադիրն է 1997 թվականից։ 1991 թվականին գործարարը հիմնել է Pure Software-ը, որը գործիքներ է ստեղծել ծրագրային ապահովման մշակողների համար։

Netflix-ը հիմնադրվել է 1997 թվականին եւ կենտրոնական գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Լոս Գատոս քաղաքում։ 2013 թվականից նա թողարկել է իր սեփական ֆիլմերը, սերիալները եւ հեռուստահաղորդումները։

 

Լուսանկարը՝ Reuters

 



© NEWS.am STYLE