Լոնդոնում հայտարարել են, որ արքայազն Հարրին ապագա չունի

16:23   22 հունվարի, 2023

Արքայազն Հարրին իրեն զրկեց ապագայից, երբ գրեց եւ թողարկեց իր ինքնակենսագրական՝ «Spare» գիրքը: Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամի հուշերը քննադատել է Լոնդոնի նախկին փոխքաղաքապետ Ռիչարդ Բարնսը։

«Նրա գրքում կան բազմաթիվ սխալ, հիմար եւ անխոհեմ հայտարարություններ։ Օրինակ՝ Հարրիի խոստովանությունը, որ Աֆղանստանում սպանել է 25 թալիբների։ Կան բաներ, որոնց մասին զինվորները, օդաչուները երբեք չեն պատմում։ Նրանք երբեք չեն պարծենում իրենց սպանած մարդկանց թվով։ Դուք չեք կարող ավելի հիմար բան մտածել », - ասել է Ռիչարդ Բարնսը տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում:

Արքայազն Հարրիի եւս մեկ հիմարությունը քաղաքական գործիչն անվանել է նացիստական ​​համազգեստով երեկույթի նրա այցը։ Ամենից շատ զարմանալի է, որ նրա ավագ եղբայր Ուիլյամը եւ նրա կինը խորհուրդ են տվել այդպես հագնվել։

«Ըստ արքայազնի՝ սա նրա ամենահիմար արարքն էր։ <...> Եվ այս դետալը, իհարկե, չի կարող չզարմացնել։ Բրիտանիայի ապագա թագավոր Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթը, խորհուրդ են տվել անլուրջ Հարրիին երեկույթին մասնակցել երրորդ ռեյխի համազգեստով, քանի որ նրանց դա ծիծաղելի էր թվում։ Կարծում եմ, որ Ուիլյամն ու Հարրին աստիճանաբար հեռացան միմյանցից », - նշել է Ռիչարդ Բարնսը:

Լոնդոնի նախկին փոխքաղաքապետը համարում է, որ արքայազն Հարրիի մասնակցությամբ բոլոր սկանդալների պատճառը նրա կինն է՝ Մեգան Մարքլը։ Նրա խոսքով՝ թագավորական ընտանիքում ամուսնալուծված ամերիկուհին վատ նշան է։ Օրինակ՝ Ուոլիս Սիմփսոնի պատճառով թագավոր Էդվարդ VIII-ը ստիպված է եղել հրաժարվել գահից։ Դա տեղի է ունեցել 1936 թվականին, ինչի արդյունքում Եղիսաբեթ II-ի հայրը հանկարծակի թագավոր է դարձել։

«Արքայազն Հարրին նույնպես մոտ է պալատից եւ ընտանիքից հրաժարվելուն: Ամերիկացի կինը նրան դրդում է փող աշխատել՝ վաճառելով կյանքը, արցունքները եւ սերը։ Բայց ի՞նչ են անելու, երբ բոլորը հոգնեն նրանց սիրո պատմությունից։ Ես չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել Հարրին հաջորդ տարի եւ դրանից հետո, երբ այս թեման արդիական չլինի։ Որովհետեւ լավ կյանքի համար գումար ծախսելն այնպես, ինչպես հիմա անում են նրանք, երկար չի տեւի»,- հայտնել է Ռիչարդ Բարնսը:

Նա եզրափակելով նշել է, որ արքայազն Հարրիի «Spare» գիրքը հանգեցրել է թագավորական ընտանիքի վարկանիշի անկմանը։ Եվ դա այն դեպքում, երբ միապետությունը Ելիսաբեթ II-ի մահից հետո արդեն կորցրել է համախոհներ։



© NEWS.am STYLE