Հայտնի է, թե իր հուշերի վաճառքից որքան գումար է վաստակել արքայազն Հարրին

12:26   23 հունվարի, 2023

Արքայազն Հարրին 16 միլիոն ֆունտ է վաստակել իր ինքնակենսագրական` «Spare» գրքից: Այս մասին հայտնում է  Mirror-ը։

Այն բանից հետո, երբ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը լքեցին Մեծ Բրիտանիան, նրանք բախվեցին ֆինանսական լուրջ դժվարությունների։ Սակայն նրանց ֆինանսական կորուստները շուտով փոխհատուցվեցին մեդիա ընկերությունների հետ մի քանի խոշոր գործարքներով: Լրագրողների տեղեկություններով՝ արքայազն Հարրին դեռեւս իր սկանդալային ինքնակենսագրականի հրապարակումից առաջ 16 միլիոն ֆունտ է ստացել Penguin Random House հրատարակչությունից, ինչպես նաեւ 109 միլիոն ֆունտ է աշխատել Spotify-ի եւ Netflix-ի հետ գործարքներից։ Հայտնի է, որ գրող-ուրվական Ջեյ Ջեյ Մերինգերն արքայազնի հուշերի վրա իր աշխատանքի համար ստացել է 810 հազար ֆունտ ստերլինգ, եւս 1,2 միլիոն ֆունտ ստերլինգ Չարլզ III թագավորի կրտսեր որդին նվիրաբերել է բարեգործությանը։

Արքայազն Հարրիի «Spare» գիրքը դարձել է Բրիտանիայում ամենաարագ վաճառվող ոչ գեղարվեստական ​​գրականությունը: Միայն վաճառքի առաջին օրը վաճառվել է 400 հազար գիրք՝ ներառյալ էլեկտրոնային եւ աուդիո տարբերակները։



© NEWS.am STYLE