«Հավատն ուժ է, հույսը՝ ամենակարող եւ գեղեցիկ․ չպետք է կորցնել աստվածաշնչյան Սուրբ Երրորդությունը»․ այսօր մեծն դերասան Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակն է

14:16   23 հունվարի, 2023

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Մկրտչի Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակն է։ Նա հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է եւ´ կատակերգական, եւ´ երաժշտական կերպարներ։

20-1.jpg (71 KB)

Ներկայացնում ենք մեծն դերասանի մտքերից, որոնք կոգեշնչեն եւ մտորելու առիթ կտան շատերին։

1.Այո՛, ես հավատացյալ եմ: Մի մարդ, որի ազգանվան մեջ կան «ԽԱՉ» և «ՎԱՆՔ» բառերը, ինչպե՞ս կարող եմ հավատացյալ չլինել:

2.Հավատն ուժ է, հույսը՝ ամենակարող և գեղեցիկ: Չպետք է կորցնել աստվածաշնչյան Սուրբ Երրորդությունը:

3.Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեին կյանքը, մարդը առանց դրանց:

4.Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը…Խորին համոզմունքս է, որ մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ և միաժամանակ ավելի գրավիչ, հաճելի զենք, քան ծիծաղը:

44-1.jpg (83 KB)

5.Կյանքում ես մռայլ, անհետաքրքիր մարդ եմ… Պատկերացրեք, ես նույնիսկ անեկդոտ պատմել չգիտեմ, երբեք սեղանի շուրջ չեմ երգել, արտասանել, խնջույքներին չեմ պարել: Իսկ բեմում այդ ամենը կա: Երբեք իմ դերերից ոչ մի հատված չեմ կատարել: Ես դերասան եմ, որ միայն բեմի համար է:

6.Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է՝ քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անելու այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա։

31-1.jpg (139 KB)

7.Դպրոցում սովորել եմ միջակ, վատ, հաճախ եմ «երկուսներ» ստացել: Բայց կներեք, իմ մասին ասում էին…Ուսուցիչներս էին ասում. «Նա կարող է, բայց չի ուզում. շատ ծույլ է»: Եվ ես իրոք չէի ուզում սովորել: Ես ուզում էի միայն թատրոն, ես մտածում էի միայն թատրոնի մասին, իմ միտքն ու ուշքը թատրոնն էին: Եվ, այնուամենայնիվ, դպրոցն ավարտեցի երեքներով, հինգերը՝ ավելի քիչ:

8.Չեմ կարող ասել, որ չար չէի: Բայց չարաճճիությունը դարձյալ կապված էր թատրոնի հետ: Այն կայանում էր նաև նրանում, որ ես և ընկերներս շատ էինք տարված երաժշտությամբ, հատկապես՝ ջազային: Այդ ժամանակ ջազը շատ մոդայիկ էր: 30-ական թվականներն էին, և ջազը համարյա արգելված էր: Իսկ մենք հենց ջազ էինք սիրում և երգում: Ինչ խոսք, մեզ վռնդում էին դասերից, նկատողություն էին անում, իսկ երբ մենք ներկայացումներով ապացուցեցինք, որ բնականորեն տարված էինք թատրոնով, շատ դեպքերում ներում էին և մեզ հետ խիստ չէին վարվում:

22-1.jpg (55 KB)

9.Ասում են՝ վատ հանդիսատես ունենք: Ըստ իս՝ վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում:

10.Ըստ իս՝ թատրոնը, թատերական ներկայացումն առաջին հերթին տոն է: Զվարթության մեջ է թատրոնի ուժը: Մենք պետք է ձգտենք, որ ներկայացումներն առաջին հերթին լինեն ուրախ: Այո՛, ուրախ: Խելամիտ և ուրախ:

11.Վայ այն թատրոնին, որ չունի դերասան: Դերասանի համար պիտի գան թատրոն, տոմսարկղի մոտ պետք է հարցնեն` այսինչը խաղո՞ւմ է:



© NEWS.am STYLE