«Արտիստի անկեղծ լինելը միակ մնայուն թրենդն է». ինչպե՞ս Լիլիթ Օսիպյանը դարձավ D’Litte եւ կարճ ժամանակում հասավ հաջողության (ֆոտո/վիդեո)

14:31   27 հունվարի, 2023

«Արի, դե լավ էլի, մի քիչ մնա էլի»,-մեկ տարի առաջ A Chilla-ի հետ զուգերգում երգեց նա՝ գալով հայկական երգարվեստ, որտեղ բերեց իր յուրահատուկ գույնն ու մոտեցումը: Լիլիթ Օսիպյանը, որն առավել հայտնի է D’Litte կեղծանվամբ, խոստովանում է՝ չէին սպասում, որ «Կյանք ու տող» երգը կունենար նման մեծ տարածում (տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել  է մեկ տարի առաջ եւ ունի ավելի քան 2 միլիոն դիտում. հեղ.)

«Եթե անկեղծ, երբեք ոչ գրել, ոչ էլ պատրաստվում ենք գրել հատուկենտ գործեր, որ դառնան թրենդ: Ժամանակի հետ հավասար քայլելը գժական է, բայց եթե փակվեն բոլոր  սոցկայքերը, դու կշարունակե՞ս էլի ստեղծագործել: Սա է ամբողջ խնդիրը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշում է երգչուհին՝ հավելելով, որ «Տիկ Տոկ»-ում երգի տարածման հաջողության գաղտնիքը չի բացահայտել, բայց համոզվել է մեկ բանում՝ «արտիստի անկեղծ լինելը միակ մնայուն թրենդն է»:

Երգչուհու՝ D’Litte կեղծանվան մտահաղացումը Ֆելիքս Խաչատրյանինն է, որը դիտարկել է անգլերեն «delete» (ջնջել) բառը:

325302282_725153509196862_9189611864019253547_n.jpg (128 KB)
««Դիլիթ»-ը վատ էմոցիաները ջնջող երաժշտությունն է: Իսկ, առհասարակ, Լիլիթ անունը հին Գիլգամեշից է գալիս, եղել է նաեւ Լիթ անունով ծառ: D’Litte-ը եւ այդ ծառի հետ կապ ունի, եւ բառախաղ է»,-մանրամասնում է նա:

Լիլիթը չունի երաժշտական կրթություն, սովորել է ԵՊԼՀ-ում, մասնագիտացել է, որպես լեզվաբան եւ լրագրող:

«Նոտաները վերջերս եմ սովորել, երբ սկսեցի սովորել ստեղնաշարային գործիքներ ու կիթառ: Կրետաիվությունն ու միտքը ոչ կարմիր դիպլոմ են պահանջում, ոչ էլ՝ անգիր արած թեորեմներ: Թատրոնի ու կինոյի հետ կապված դեռ չեմ մտածել, բայց զգում եմ, որ ինչ-որ էտապում շատ լուրջ կսկսեմ զբաղվել նաեւ դրանով»-ասում է նա:

Երգչուհին «սիրահարված է» ինչպես նոր, այնպես էլ հին սերնդի երաժիշտներից շատերին. սիրելի արտիստների ցանկում նա առանձնացնում է Terrace Martin-ին, Roy Ayers-ին, Jill Scott-ին, Wu-Tang Clan խմբին, Macy Gray-ին, Miles Davis-ին, ինչպես նաեւ՝ Mac Miller, Paak, Greentea Peng, Little Simz, IAMDDB, JINJ, Jacob Collier, Yussef Dayes եւ Christian Scott:

Լիլիթը նշում է՝ առաջարկներ ունեցել է փոխելու ոճը, սակայն նրա յուրահատուկ երգացանկի սիրահարները կարող են հանգիստ շունչ քաշել. երգչուհին չի պատրաստվում անդրադառնալ կոմերցիոն երաժշտությանը.

323924210_2340883026092259_6338752227918741644_n.jpg (196 KB)

«Կոմերցիան ու արվեստը տարբեր տեսակի դերասաններ են։ Կոմերցիան այն դերասանն է, որը ցանկանում է միշտ սիրուն դուրս գալ կադրում, իսկ արվեստը՝ նա, ում համար կարեւորը դերը ճիշտ խաղալն է: Ես չափից շատ եմ սիրում այն, ինչ ստեղծում եմ, ու քանի այդ էմոցիաներն ինձ սիրուն գույներ են տալիս, չեմ պատրաստվում փոխել ոճս: Հավատացնում եմ՝ հիմա սոցցանցի ալգորիթմների հաշվին ավելի տեսանելի են լավ գործերը, ու կարելի է բավական լավ գումար աշխատել: Ճաշակով մարդիկ միշտ դա կգնահատեն»:

Ինչ վերաբերում է մրցույթներին մասնակցությանը՝ երգչուհին առայժմ այդ ուղղությամբ եւս չի մտածում:

324710639_1533409020469714_7480628170461031220_n.jpg (146 KB)

«Մրցույթներին պիտի հարմարվել, կան հատուկ կանոններ, իսկ ես բացարձակ հարմարվող կամ ենթարկվող մարդ չեմ: Ես «լիլիթական» շատ գծեր ունեմ, բայց կարող է՝ ինչ-որ էտապում որոշումս փոխվի»:

Իր արվեստի սիրահարներին Լիլիթը վստահեցնում է՝ 2023-ին կներկայացվեն էլ ավելի շատ գործեր, կթողարկվի նաեւ ձայնասկավառակ: Երգչուհու երաժշտական երազանքները շատ են, որոնցից մեկը նա բարձրաձայնեց,-«Հետագայում երազում եմ քաղաքի տարբեր կետերում ստուդիաներ բացել ու տաղանդավոր արտիստների հետ նոր ու որակով գործեր գրել»:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լիլիթ Օսիպյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE