Ինչպե՞ս է ընթանալու «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթը. Խորեն Լեւոնյանն ու Հրաչ Քեշիշյանը՝ նոր նախագծի ձեւաչափի ու նպատակների մասին

13:31   28 հունվարի, 2023

13 տարվա պատմություն ունեցող «Երգ երգոց»-ին զուգահեռ՝ Առաջին ալիքը մեկնարկում է «Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթը: 

«Այս մրցույթը նոր ձեւաչափ է, որի նպատակն է բացահայտել նոր, երիտասարդ կատարողների, որոնք ապագայում կլինեն «Երգ Երգոց» նախագծի մասնակիցները»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարզաբանում է նախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին հայկական հեռուստաեթերում երաժշտական նախագծերի սակավությունը առաջացրել է նոր ու տաղանդավոր երաժշտական սերնդի էներգիայի կուտակում, որը, ըստ ռեժիսորի, կարտահայտվի նաեւ այս նախագծում.

906395_969508469733401_5366785066198183323_o.jpg (38 KB)

«Որքան շատ լինեն այսպիսի նախագծերը, այնքան շատ տաղանդավոր մարդկանց մասին կիմանանք։ Դեռեւս խորհրդային տարիներից այս ձեւաչափը մեծ հնարավորություն է տվել շատ տաղանդների, որոնք անցնելով հեռուստատեսային իրապատումը՝ դարձել են աստղեր։ Սա, իսկապես, կարեւոր ընթացք է յուրաքանչյուր նոր արտիստի համար, քանի որ երգեցողությունից զատ մասնակիցը սովորում է բեմին, լույսին, կենդանի նվագակցությանը, սովորում է հարցերին պատասխանելու հեռուստատեսային ձեւաչափին»,-ասում է նա:

Մրցույթը եթերում լինելու է 16 շաբաթ, դրան կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր անձինք. մասնակցության հայտերի ընդունման փուլն ընթացքի մեջ է մինչեւ հունվարի 30-ը: Հայտերի փուլին հաջորելու է լսումների փուլը, որի ընթացքում կատարողն ունենալու է մեկ երգի հնարավորություն, որի տեւողությունը կլինի երգի մեկ տան եւ կրկներգի չափով։ Մասնակիցները կատարելու են բացառապես ազգային եւ ժողովրդական երգեր՝ երաժշտախմբի նվագակցությամբ: Մասնակիցներին գնահատելու եւ ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանի գլխավորությամբ։ Մրցույթի գեղարվեստական ղեկավարը Արտեմ Խաչատուրն է։ 

«Մենք ունենք մի շատ կարեւոր նպատակ՝ առաջնահերթ ցույց տալու, որ ազգային եւ ժողավրդական երգն ու պարը հետամնաց չեն, այդ մշակույթը կրողները եւ պրոպագանդողները ժամանակակից մարդիկ են եւ հստակ գիտակցում են ազգային մշակությի պահպանման եւ տարածման կարեւորությունը։ Անվերջանալի արհավիրքների եւ գլոբալ թրենդայնացման ժամանակաշրջանում ազգայինը պահպանելու համար անհրաժեշտ է ստեղծել սեփական թրենդը եւ այն մտցնել շրջանառության մեջ»,-ընդգծում է Հրաչ Քեշիշյանը:

Ստեղծագործական թիմը դեռեւս չի բացահայտում՝ ով է լինելու մրցույթի հաղորդավարը, բայց դրա մեկնարկը պակաս չի ոգեւորել «Երգ երգոց»-ի մշտական հաղորդավար Խորեն Լեւոնյանին, որն առանձնահատուկ ջերմությամբ է խոսում նոր նախագծի մասին.

316412872_5774223039351781_6666652946630546541_n.jpg (277 KB)

«Կարծում եմ՝ «Երգ երգոց»-ը կարողացավ 13 տարվա մեջ ճիշտ թիրախավորել իր նպաակներն ու կյաքի կոչել դրանք՝ պահել ազգային, ժողովրդական երգերը, դրանք լսելի դարձնել նոր սերնդին: Այժմ այս մրցույթի շրջանակում մենք կլսենք մեր երիտասարդերի ճաշակը, նրանց մոտեցումը: Ի վերջո, նախագծի մասնակիցները հետագայում կաշխատեն «Երգ երգոց» նախագծում, կունենան այնտեղ ելույթներ՝ դառնալով մեր մեծ ընտանիքի անբաժան մասնիկը: Շատ եմ ուզում, որ հենց երիտասարդները լինեն ակտիվ. ունենալու ենք շատ խստապահանջ ժյուրի, կգործեն խիստ կանոններ, եւ վստահ եմ, որ նախագծի ավարտին մասնակիցները նոր որակներ ձեռք կբերեն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում հավելեց Խորեն Լեւոնյանը:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Առաջին ալիքի եւ Հրաչ Քեշիշյանի ֆեյսբուքյան էջերից



© NEWS.am STYLE