Dior-ի haute couture գարնանային հավաքածուն ռեվերանս էր դեպի Ժոզեֆին Բեյքերի «20-ականների սեւ մարգարիտը»: Այս կնոջ կյանքը չի սահմանափակվել միայն բեմով։ Հոյակապ պարուհի, գրողների եւ դիզայներների ոգեշնչում. նա ֆաշիզմի դեմ պայքարի 3-րդ շքանշանի ասպետ էր եւ ռասիզմի դեմ ակտիվ մարտնչող:
Մարիա Գրացիա Կյուրին բեմական հագուստներից շոու չի ստեղծել, նա վերաիմաստավորել է Ժոզեֆին Բեյքերի կյանքի մի քանի ասպեկտներ։
Հավաքածուն անդրադառնում է հավերժ դասականին։ Դրանում գերակշռում է սեւ գույնը՝ նուրբ երանգներով եւ զուսպ մետաղական փայլով: Կերպարների նրբագեղությունն ապշեցնում է եւ մեզ թույլ է տալիս տեսնել Ժոզեֆինի կյանքի մի քանի փուլեր:
Ցուցադրության ժամանակ ներկայացվել է խալաթների ոճով վերարկուների հավաքածու։ Դրանք կարծես մեզ տեղափոխում են պարուհու հարմարավետ հանդերձարան, ստեղծում են խորհրդավոր կուլիսների մթնոլորտ։
Բայց մի քանի րոպե անց հանգստությանը փոխարինում է փայլը: Փայլերով տոպը, որի թելերը շարժվում են մոդելի քայլերին համահունչ, հիացնում եւ աչք է շոյում։ Այնուհետեւ պոդիումում հայտնվում է ուլունքներից ցանցավոր կիսաշրջազգեստը, որն ունի շողշողացող եզրեր: Ար-դեկոյի ոճով իրերը ներկայացնում են Ժոզեֆին Բեյքերի կարիերայի ծաղկումը, նրա պայծառությունը, տաղանդը եւ գրավչությունը:
Սակայն Dior-ի հավաքածուն հագեցած է մեկից ավելի տեսարաններով։ Դասական բաճկոններով հավաքածուները, թիկնոցներն ու վերարկուն մեզ ցույց են տալիս բոլորովին այլ Ժոզեֆինի: Դրանք մեզ թույլ չեն տալիս մոռանալ, որ նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ Դիմադրության անդամ է եղել։
Զրկանքների եւ կորուստների ժամանակն անցնում է: Պոդիումում կրկին մետալիկ երանգների կոստյումներ են։ Դրանք մոդելներին դարձնում են կենդանացած թանկարժեք արձանիկներ: Իսկ ցուցադրությունն ավարտվում է նրբագեղ թավշյա զգեստների շարքով, որոնք հիշեցնում են վարագույրի ու կուլիսի ծանր կտոր։
Ահա թե ինչպես Մարիա Գրացիա Կյուրին ցույց տվեց մեզ Ժոզեֆին Բեյքերի կյանքը։ Եւ գեղեցկության ու էլեգանտության միջոցով մեզ ստիպեց խորհել արվեստի պատմության մեջ այս տաղանդավոր կնոջ նշանակության մասին: