«Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը կներկայացնի Brunette-ը

19:23   1 փետրվարի, 2023

Հայաստանը Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ին կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը, ով առավել հայտնի է որպես Brunette։ Այս մասին իր Instagram-ում հայտնել է Եվրատեսիլի Հայաստանյան պատվիրակության ղեկավար, պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։

 «@brunette_e_-ը գնում է Եվրատեսիլ 2023: Ես այնքան հպարտ եմ, որ մենք կարող ենք եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալ այն անհավատալի երիտասարդ տաղանդներին, որոնք ունի Հայաստանը։ Նա պայծառ է, նա համարձակ է,, եւ նա պարզապես ցանկանում է արվեստով զբաղվել։ Նա THE Brunett-ն  է: Ստիպիր մեզ հպարտանալ քեզնով»,- գրել է նա։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարեւորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ ու տաղանադավոր արտիստներին վստահելը. «Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչեւ այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»:

«Երեւանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի եւ տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Նշենք, որ Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով եւ պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել եւ միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:



© NEWS.am STYLE