Ամերիկահայ դերասան Էրիկ Բոգոսյանի նոր պիեսը ինտերնետային պոռնոգրաֆիայի զոհ դարձած կնոջ մասին է

12:30   2 փետրվարի, 2023

Հայազգի հայտնի դերասան եւ սցենարիստ Էրիկ Բոգոսյանի «1+1» նոր պիեսի պրեմիերան Broadway-ի շրջանակից դուրս տեղի կունենա նաեւ SoHo Playhouse-ում․ այս մասին հայտարարել են The Blackbox-ը եւ SoHo Playhouse-ը: Ներկայացումների մեկնարկը կտրվի փետրվարի 23-ին եւ կշարունակվի մինչեւ մարտի 19-ը: Բացման երեկոն նախատեսված է փետրվարի 27-ին:

«1+1»-ը պատմում է այն մասին, թե ինչպես ժամանակակից կինը դեռեւս կարող է բարձրանալ եւ ընկնել իր տղամարդու քմահաճույքները բավարարելու համար: Պիեսի հերոսուհին Լոս Անջելեսում բնակվող դերասանուհի է, որին թվում է, թե անմեղ ընտրություն է կատարում, ինչի պատճառով, սակայն, հատնվում է ինտերնետային պոռնոգրաֆիայի աշխարհում։ Նրա ճակատագիրը երկու տղամարդկանց հետ է կապված, ովքեր միմյանցից շատ տարբեր են թվում, բայց իրականում ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան առաջին հայացքից կարելի է տեսնել:

«Գուցե թվա, թե պիեսը ինտերնետային պոռնոգրաֆիայի եւ միայն մեկ կնոջ պատմության մասին է, բայց սրանով ես ցանկանում եմ ավելի խորը պատկերացում տալ պատասխանատվության մասին, որում երկուսը կիսում են վատ արարքների մեղքը։ Ուզում եմ, որ հանդիսատեսը տրված իրավիճակին նայի երեք հերոսների աչքերով։ Ուզում եմ, որ նրանց հետաքրքրի այն, ինչ կտեսնեն բեմին»,-ասել է Բոգոսյանը։ 

«1+1»-ի ռեժիսորը Մեթ Օքինն է, գլխավոր հերոսներին մարմնավորում են Մայքլ Գարդիները, Քեյթի Նորթը եւ Դենիել Յայուլոն։

Աղբյուրը՝ iloveny.com
Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE