Ինչպիսի տեսք ունի «Եվրատեսիլ-2023»-ի բեմը (ֆոտո)

18:37   2 փետրվարի, 2023

Հայտնի է, թե ինչպիսին կլինի Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ի բեմը։ Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական ինստագրամյան էջից։

Stage-1.jpg (127 KB)

«Անակնկալ, անակնկալ։ Ահա, առաջին անգամ տեսնում եք «Եվրատեսիլ-2023»-ի բեմը», - մակագրված է հրապարակումը։ Նշենք, որ արդեն հայտնի են նաեւ մրցույթի կարգախոսը եւ տարբերանշանը։ Այն արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի եւ մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը: Երանգները եւս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների եւ միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

Stage.jpg (112 KB)

Հայաստանը հեղինակավոր մրցույթին այս տարի կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը, ով առավել հայտնի է որպես Brunette։

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Նշենք, որ Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով եւ պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - նշում է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Բրյունետը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել եւ միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:

 

 



© NEWS.am STYLE