Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում

13:20   3 փետրվարի, 2023

Արթուր Գրիգորյանի կյանքը՝ հենց մանկությունից սկսած, նրա ապրած դժվարությունները եւ բազմաթիվ փակ դռներից հետո իր իսկ բացած մեծ դուռը՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի նոր՝ «Կորցրած մեղեդի» մյուզիքլում, որի պրեմիերան կկայանա այսօր՝ փետրվարի 3-ին։ 

Մյուզիքլի գործող արտիստները 8-ն են՝ Ռուսլան Էլյազյան, Անահիտ Շահբազյան, Արտակ Հայրապետյան եւ նոր սերնդի ներկայացուցիչները․ նրանք բեմում լինելու են Երգի պետական թատրոնի բոլոր սերունդների հավաքական կերպարը՝ պատմելով ամենահետաքրքիր պատմությունները՝ վերելքներից մինչեւ վայրէջքներ։

Թեեւ ոչ ֆիզիկապես, բայց ներկայացման ողջ ընթացքում հանդիսատեսը կզգա Արթուր Գրիգորյանի անտեսանելի կերպարը։

326700047_732834888423141_2099844224311692486_n.jpg (31 KB)

««Կորցրած մեղեդի» մյուզիքլի միտքն առաջացավ պապայի մահից հետո, երբ թատրոնը վերանորոգվում էր եւ պետք էր հստակ կազմել խաղացանկը՝ թե ինչ համերգներ, ներկայացումներ եւ մյուզիքլներ պետք է լինեին, եւ այդ ժամանակ ես հասկացա, որ երեք տարվա դադարից հետո թատրոնը պետք է վերաբացել՝ պատմելով հենց նրա, նրա ստեղծածի ու թատրոնի հիմնադրման մասին»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասում է ԵՊԹ տնօրեն Մանե Գրիգորյանը։ 

Մաեստրոյի դուստրը խոստովանում է՝ թեեւ շատ ներկայացումներ է բեմադրել, «Կորցրած մեղեդին» իր համար առանձնանում է՝ թե հուզմունքի չափաբաժնով, թե պատասխանատվության մեծ զգացումով։ Մանեի խոսքով՝ մյուզիքլին պատրաստվում են սեպտեմբերից․

«Շատ ծավալուն աշխատանք է, ընտրված են այնպիսի երգեր, որոնք, գուցե, շատերը չեն էլ լսել, կան հին եւ մոռացված երգեր, որոնք ներկայացնում ենք նոր գործիքավորմամբ, բոլոր երգերի համար մեր 8 արտիստները երգում են բազմաձայնություն։ Մեր կողքին է եղել թատրոնի պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը, որը հայրիկիս դպրոցն անցած մարդ է, ու շատ լավ գիտի, թե ինչպես նա կաներ այդ բազմաձայնությունը։ Պապան միշտ շատ կարեւորել է երգերի տեքստերը, ասելիքը, ու երբեք կոմերցիոն երգեր չի գրել․ փորձել է իր երգերի միջոցով որեւէ խնդիր բարձրաձայնել, խոսել դրա մասին»։ 

327382785_742454540356623_8130852304300791866_n.jpg (81 KB)

Մյուզիքլի համար հատուկ գրվել են երգերի նոր տեքստեր, որոնք համապատասան են սյուժեին, օրինակ՝ արտիստները երգի միջոցով կպատմեն Երգի պետական թատրոնի վերանորոգման, թատրոնի առաջին սերնդի հեռանալու եւ Արթուր Գրիգորյանի ապրումների մասին։ Կհնչեն Վահան Անդրեասյանի, Անիտա Հախվերդյանի, Ավետ Բարսեղյանի, Համլետ Առաքելյանի, Գրիգոր Կյոկչյանի, Հակոբ Ռուբինյանի խոսքերով գրված երգեր։ 

«Պապայի կերպարն անտեսանելի է՝ նա չկա բեմում, բայց նա միշտ կա։ Թե ինչ լուծում ենք գտել սրա համար, հանդիդատեսը կտեսնի ներկայացումների ժամանակ, իսկ 8 արտիստները թատրոնի բոլոր սերունդների հավաքական կերպարներն են։ Ներկայացված են թե հաղթանակներ, թե տապալումներ, կան բամբասանքներ, ինտրիգներ, պատերազմ, խաղաղություն, դեպրեսիա, ուրախություն՝ փորձում ենք ներկայացնել այն բոլոր էմոցիաները, որոնք 30 տարիների ընթացքում ինքս տեսել եմ թատրոնում»։ 

Մյուզիքլի ընթացքում հանդիսատեսին սպասվում են մի շարք հուզիչ հատվածներ, հատկապես տպավորիչ է Արթուր Գրիգորյանի՝ երաժշտության հանդեպ մեծ սերը, հանուն այդ սիրո ընտանիքի անդամների հետ պայքարն ու մերժումները, որոնք, սակայն, երբեք չկոտրեցին մաեստրոյին։ 

275676842_5831256320223793_6888461194215774243_n.jpg (24 KB)

Մանե Գրիգորյանը հիշում է՝ «Երբ պապան հայտնել էր կոմպոզիտոր դառնալու իր որոշման մասին, ընտանիքում՝ ավելի կոնկրետ քեռիները, դեմ էին, որ նա զբաղվեր երաժշտությամբ, փորձել էին դուռ փակել նրա առաջ, բայց նա չէր հանձնվել, շարունակում էր ստեղծագործել։ 16 տարեկանում գրում է իր առաջին մյուզիքլը, որն, ի դեպ, հենց «Կորցրած մեղեդին» է եղել։ Երբ այն ներկայացնում է, կրկին դուռ է փակվում նրա առաջ։ Հետո մեծանում է, ճանաչված ու սիրված դառնում, բոլորը երգում են նրա երգերը, բայց, միեւնույն է, այդ ժամանակ էլ նրան թույլ չէին տալիս ստեղծագործական երեկո ունենալ՝ նշելով, որ Կոնսերվատորիան չի ավարտել՝ սովորել է Մոսկվայի՝ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, Կոմպոզիտորների միության անդամ չէ եւ, հետեւաբար, չի կարող ստեղծագործկան երեկո ունենալ։ Իրականում, հայրս իր առաջին ստեղծագործական երեկոն ունեցել է շատ տարիներ անց՝ Երգի պետական թատրոնում։ Աշխարհի տարբեր երկրներից տարբեր առաջարկներ ստանալով՝ նա, միեւնույն է, որոշեց, որ պիտի մնա Հայաստանում ու ամեն բան անի Հայաստանի ու Արցախի երիտասարդ տաղանդներին բացահայտելու ու նրանց օգնելու, նրանց համար ճանապարհ հարթելու համար»։

Մինչ Երգի պետական թատրոնի հիմնադրումը Գրիգորյանն ու թատրոնի առաջին սերնդի ներկայացուցիչներն արդեն իսկ ելույթներ էին ունենում սահմանին՝ երգելով զինվորների համար։ 

322727749_5894063834021879_4505341309023162856_n.jpg (20 KB)

«Այդ սերունդը փորձերն անում էր մեր նկուղային բնակարանում։ Մյուզիքլի ընթացքում ցուցադրում ենք նաեւ այդ բնակարանը, նրանց փորձերը, թե ինչպես են որոշում, որ պետք է դեմ գնան այն տարիների համակարգին եւ պայքարեն հանուն լավ երաժշտության»,-ասում է Մանեն, որի համար, սակայն, ամենահուզիչ եւ դժվար տրվող տեսարանը հոր կյանքի վերջին տարիների ապրումներն են՝ պատերազմ, դեպրեսիա, հիվանդություն․․․ 

«Պատերազմը, պատերազմից հետո պապայի դեպրեսիան եւ հիվանդությունը, հետո նրան կորցնելը․․․․ այդ ամենը շատ զգուշորեն, բայց փորձել ենք պատմել հենց նրա երգերով։ Թատրոնը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է աշխատի ամենատարբեր ռեժիսորների, երաժշտական պրոդյուսերների, երգերի հեղինակների հետ, հնարավորություն տա երիտասարդներին, բայց այս անգամ, երբ սյուժեն գրեցի, հասկացա, որ բեմում ուզում եմ տեսնել այն, ինչ ինքս տեսել եմ ծնված օրվանից՝ թե նրա՝ գիշերները Նորավանք գնալը, թե Արցախում իր սիրելի ծառի մոտ երկար նստելը, թե այն պատմությունները, որոնք ինքս լսել եմ․․․ Կարծում եմ՝ այս մյուզիքլից հետո մարդիկ նորովի կճանաչեն Արթուր Գրիգորյանին»,-հավելում է նա։

«Կորցրած մեղեդի» մյուզիքլը կլինի խաղացանկային։ Մանեի խոսքով՝ թատրոնում կլինեն նաեւ այլ մյուզիքլներ, որոնք առայժմ բանակցային փուլում են, իսկ շատ շուտով կվերաթողարկվի «Դռներ» վինիլը։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE