Wine Story. 6 պատճառ կարմիր գինի խմելու համար` գիտական տեսանկյունից

20:45   6 փետրվարի, 2023

«In vino veritas» արտահայտությունը կարմիր գինի խմելու բոլոր առավելությունները նկարագրելու լավագույն միջոցն է: Հանգստյան օրվա ծույլ կեսօրը եւ հակաօքսիդանտներով հարուստ կարմիր գինին իրականում հիանալի համադրություն են ֆիզիկական եւ մտավոր առողջության համար: Ըստ ուսումնասիրությունների՝ կանանց համար օրական մեկ բաժակ գինին, իսկ տղամարդկանց համար՝ մինչեւ երկու բաժակ գինին կանխում է բազմաթիվ առողջական խնդիրներ։

Օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը

Դիաբետի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի համաձայն՝ կարմիր գինին օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Պարզվել է, որ կարմիր գինին իջեցնում է այն մինչեւ 24 ժամ, ինչը կարող է օգտակար լինել արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար:

Բարելավում է հիշողությունը

Wine-Guide-Beaujolais-FT-BLOG0722-2000-7f1cac81f5044d3cbfeac708b66c4bea.jpg (85 KB)

Կարմիր գինին հարուստ է պոլիֆենոլներով եւ ռեսվերատրոլով, որոնք օգնում են բարելավել կարճաժամկետ հիշողությունը։ Ռեսվերատրոլը կարող է նվազեցնել քնի պակասից առաջացած վնասը եւ բարձրացնել սովորելու ունակությունը:

Նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը

Մասնագետները պնդում են, որ կարմիր գինին նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը՝ կանխելով քաղցկեղային բջիջների աճը, հատկապես՝ կրծքագեղձի եւ կերակրափողի:

Լավ է սրտի համար

Պոլիֆենոլները կապված են սրտի հիվանդությունների ռիսկի նվազեցման հետ: Դրանք բարձրացնում են լավ խոլեստերինի մակարդակը եւ հեռացնում վատը, որն անուղղակիորեն նպաստում է սրտի առողջությանը:

Նպաստում է աչքերի առողջությանը

two-glasses-of-wine-and-summer-fruits-on-the-beach-royalty-free-image-1635272439.jpg (106 KB)

Ռեսվերատրոլն օգնում է բարելավել աչքերի առողջությունը՝ շնորհիվ իր անոթները լայնացնելու հատկությունների, ինչպես նաեւ կանխում է աչքերի հետ կապված խնդիրները, ինչպիսիք են տարիքային մակուլյար դեգեներացիան եւ դիաբետիկ ռետինոպաթիան:

Լավ է ատամների առողջության համար

Հետազոտությունների համաձայն՝ կարմիր գինին օգնում է պայքարել բերանի խոռոչի վնասակար բակտերիաների դեմ, որոնք կարող են նպաստել կարիեսի եւ լնդերի ինֆեկցիաների առաջացմանը:



© NEWS.am STYLE