Էդ Շիրանը ներկա է եղել Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսի բացմանը (ֆոտո)

15:33   8 փետրվարի, 2023

Անգլիացի հայտնի երգիչ Էդ Շիրանը ներկա է եղել հայազգի հայտնի երաժիշտ, System Of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի է ունեցել այսօր՝  Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում։ «Գրեմմիի» դափնեկիր ամերիկահայ երաժիշտը բրիտանացի երգչի հետ համատեղ լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից գրել է․

325067209_3219226211663540_6267854483678951948_n.jpg (138 KB)

«Շնորհակալ եմ Էդ Շիրանին եւ, առհասարակ, բոլորին, ովքեր ներկա գտնվեցին իմ Kiwi in Pangea ցուցահանդեսի բացմանը։ Կհանդիպենք ուրբաթ օրը՝ Վելինգտոնում»։

325056844_498714438886969_1613548228288254019_n.jpg (143 KB)

Սերժ Թանկյանի Kiwi in Pangea շարքի կտավներից յուրաքանչյուրը ներկայացված է իր երաժշտական ուղեկցությամբ։ Այդ միջոցով Թանկյանը թույլ է տալիս իր նկարներին հնչել իր իսկ ստեղծած երաժշտության ձայներով։ Այցելուներին խորհուրդ է տրվում ցուցահանդեսին այցելել իրենց իսկ ականջակալերով, որպեսզի կարողանան վայելել իրենց հետաքրքրող նկարին կից երաժշտությունը՝ Arloopa անվճար հավելվածի միջոցով։

325306494_950643612766806_4598625990102433010_n.jpg (61 KB) 

«Երբ ես նկարում եմ, ինձ ազատ եմ զգում։ Իմ ձեռքերը, պարզապես, շարժվում են այն ուղղությամբ, որով պետք է գնան։ Ես չեմ մտածում, թե ինչ եմ անում։ Որպես երաժիշտ եւս երբեք չեմ իմանում, թե ինչ եմ անում։ Ես, պարզապես, միշտ ստեղծագործել եմ եւ վստահ եղել իմ ստեղծածի մեջ, քանի որ գիտեմ, որ ամեն բան ճիշտ տեղից է գալիս։ Ես դեռ այն փուլում եմ, որտեղ անդադար զարմանում եմ արդյունքից: Ես կորել եմ այս հետախուզական, գեղեցիկ, գունեղ աշխարհում, որին շնորհակալ եմ»,-Artnow.nz-ին ասել է արտիստը։ 



© NEWS.am STYLE