«Հաճախ մեզ շփոթում են․ ինձ Հակոբ են ասում, Հակոբին՝ Արմեն»․ Հակոբ եւ Արմեն դուետը՝ նոր «հաղթանակի», անցած ուղու եւ անսպասելի հաջողության մասին

15:14   9 փետրվարի, 2023

Հակոբ եւ Արմեն հայտնի դուետը տարին սկսել է հաղթանակով։ Երգիչները հետեւորդներին հայտնել են YouTube-ում գրանցած իրենց հաջողությունների մասին։ «Նախ՝ իմացանք, որ ՀՀ-ում մեր YouTube-ի ալիքը զբաղեցնում է 7 րդ տեղը (Որոշ հեռուստաալիքներից ու լրատվական մի քանի կայքերից հետո): Իսկ հետո իմացանք, որ ամբողջ աշխարհում մեր ալիքը, մեր հետեւորդների քանակի համեմատությամբ, 2-րդ տեղում է»,-պատմել են տղաները, որոնք YouTube-ում ունեն 205 հազար հետեւորդ ու միլիոնավոր դիտումներ։  

NEWS.am STYLE-ը Հակոբ Հակոբյանի եւ Արմեն Հովհաննիսյանի հետ զրուցել է անցած ուղու, սպասելիքների ու անսպասելի հաջողության մասին:

325436582_852345312731751_608933719527500540_n.jpg (179 KB)

Երբ բացեցիք YouTube-ում ձեր ալիքը,  ի՞նչ սպասելիքներ  ունեիք այդ շրջանում։ 

Հակոբ. Մինչեւ YouTube-ին  լուրջ վերաբերվելը, Հայաստանում շատ «մոդա» էր Facebooke-ը: Ու մեր դուետը սկսվեց հենց ֆեյսբուքյան հարթակից: Երբ մեր առաջին տեսանյութը՝ «Ախպերս ու ես» երգի հիման վրա 1 օրում ունեցավ 1 միլիոն դիտում, երկրորդը ամիսներ անց՝ ավելի շատ, այնուհետեւ՝ երրորդը, չորրորդը, հինգերորդը, մենք այդ ժամանակ չէիք էլ մտածում YouTube-ում ալիք ունենալու մասին: Հետո, երբ ունեցանք մեր առաջին տեսահոլովակը` մեր հեղինակային երգով, առաջացավ յութուբյան ալիք ունենալու կարիքը: Ես ժամանակին իմ հաղորդումների համար էջ էի բացել․ որոշեցինք նորը չստեղծել, ու հենց այդտեղ  էլ ներբեռնեցինք «Ախպերներով» երգը: Այսպես, անցավ ժամանակ, ու մենք եղանք առաջին հայ երգիչներից, ովքեր YouTube-ում հավաքեցին 100.000 հետեւորդ ու ստացանք կայքի կողմից մրցանակ: Երբեք չէինք կարող մտածել, որ մի օր YouTube-ը մեզ համար դառնալու է այսչափ կարեւոր հարթակ, եւ որ «վաղը» մեր ամբողջ գործունեությունը կախված է լինելու հենց դրանից: Այն, ինչ մենք ունենք այսօր, դա, իսկապես, մեծ հաջողություն է մեզ համար:

322381962_557090745993057_2031738942941420346_n.jpg (317 KB)

Կհիշեք՝ մի քանի տարի առաջ ո՞ւմ միտքն էր դուետով ներկայանալը, եւ ինչպե՞ս որոշեցիք, որ հենց ձեր անուններով դուետը պետք է կոչեք։ 

Արմեն․ Այս հարցում բոլոր մտքերն իմն են եղել: Ես եմ Հակոբին առաջարկել երգել միասին, ես եմ որշել, որ դուետը պետք է կոչվի իմ ու Հակոբի անունով: Այն ժամանակ մեր պրոդյուսերը շատերիս հայտնի Սոֆիա Ղուլյանն էր․ նա փնտրում էր անուն մեր դուետի համար, բայց ես, իրականում, պայքարում էի, որ մենք մեր անուններով կոչվեինք. Ես արդեն ունեի լսարան «Հայաստանի Ձայնը» նախագծի շնորհիվ, Հակոբը հեռուստատեսային երկար ճանապարհ  էր անցել։ Մեր անուններն արդեն  ծանոթ էին շատերին, ու  ես չցանկացա փորձել դա փոխել: Ուրախ եմ, որ այդպես եղավ: Բայց հիմա ամենազավեշտալին այն է, որ հաճախ մեզ շփոթում են․ ինձ Հակոբ են ասում, Հակոբին՝ Արմեն (ծիծաղում է): Մենք սովորել ենք դրան։

326978348_1375719589830253_921319410669497015_n.jpg (307 KB)

Հակոբ, եթե Արմենին, ի սկզբանե, ճանաչում էին որպես երգիչ, աքո լսարանի համար սկզբում անսովոր էր քեզ երգելուց տեսնելը․ իսկ քեզ դա հե՞շտ էր տրվում։

Ինձ համար շատ անսովոր չէր երգելը, քանի որ ես միշտ եմ երգել, բայց երբեք չեմ հանրայնացրել դա: Մտածել եմ՝ դե, լուրջ չի լինի, ի՞նչ կասեն, կհավանե՞ն, թե՞ ոչ... Բայց Արմենը ինձ համոզեց սիրողական հոլովակ նկարահանել մեքենայի մեջ, որը հետո տեղադրեցինք Facebook-ում։ Ամեն ինչ այդպես սկսվեց։ Նոր ալիք բարձրացավ իմ կյանքում, ու այդ ալիքը բարձրացրին մարդիկ, ովքեր խիստ պահանջում էին հաջորդ երգն ու տեսահոլովակը ներկայացնել։ Այսպես, սկսվեց իմ ու Արմենի երաժշտական ճանապարհը, որը, փաստորեն, այսքան մեծանալու էր ու սիրվելու:

278333619_535296951294787_4058841643710607041_n.jpg (79 KB)

Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը դարձավ ձեր դուետի հաջողության բանաձեւը։

Արմեն․ Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ իր «բանալին» ու իր «աստղն» ունի: Մենք փորձեցինք լինել անկեղծ, եղանք այնպիսին, ինչպիսին կանք: Չհագանք «կոստյումներ», որոնք մերը չեն, չնայած՝ գուցե, դրանց մեջ ավելի թանկ տեսք կունենայինք։ Մենք չենք երգում այն, ինչը չենք զգում, մենք փորձում ենք լիենել արդար մեր աշխատանքի մեջ, ու իմ կարծիքով՝ սա էլ մեր հաջողության գաղտնիքն էր: 

Հակոբ․ Հավելեմ նաեւ, որ մենք երկու տղաներից բաղկացած  երաժշտական նախագիծ չենք ունեցել հայկական շոու-բիզնեսում: Մեզ մարդիկ սիրեցին, որպես եղբայրական կերպարների, ու սա նաեւ նոր էր նրանց աչքին ու, փաստորեն, նաեւ՝ դուրեկան: 

Այս շրջանում ԱՄՆ-ում եք․ ի՞նչ նպատակով․ երկարատե՞ւ այց եք ծրագրել։

Հակոբ․ Այո, հիմա Լոս Անջելեսում ենք, ու վայելում  ենք այստեղի արեւը։ Մնացածի մասին դեռ չեմ ուզում խոսել, կարող եմ ասել միայն, որ շատ հնարավոր է՝ կարողանանք բազում լավ համերգներ ու հանդիպումներ ունենալ ԱՄՆ-ում բնակվող մեր հանդիսատեսի հետ:

329133105_672909064517022_1883242268785925339_n.jpg (275 KB)

Առհասարակ, ցանկացած հաջողություն պարտավորեցնող է։ Ի՞նչ է ձեզ պարտավորեցնելու այս հաջողությունը։

Արմեն․ Յուրաքանչյուր դիտում, լավ խոսք, մեկնաբանություն, մրցանակ մեզ պարտավորեցնում են: Մենք ամեն օր ուզում ենք դառնալ ավելի լավը մեզ լսողների համար: Ու կարեւոր չէ՝  դա ազգային մրցանակաբաշխության մրցանակն է, թե մի անցորդի ջերմ խոսքը: Մենք ոչ միայն շոյվում ենք  դրանից, այլեւ պարտավորվում, որ հանկարծ չանենք մի բան, որը կարող է հիասթափեցնել մեր հանդիսատեսին: 

Հակոբ․ Մենք կանք, որովհետեւ կան մեզ լսողները: Մեզ պատրավորեցնում են մարդիկ՝ մեր նկատմամբ իրենց սիրով ու ջերմությամբ: Մեր լսարանը մեր ամենամեծ ձեռքբերումն է ու հաղթանակը: Շնորհակալ ենք, որ կաք:

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հակոբի եւ Արմենի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE