STYLETravel. Ֆրանսիա՝ գաստրոնոմիական ճանապարհորդություն մարզերով

18:30   12 փետրվարի, 2023

Ուղեւորությունը դեպի Ֆրանսիա կարող է եւ պետք է լինի նաեւ գաստրոնոմիկ․ իզուր չէ, որ այս երկրի խոհանոցը համարվում է լավագույններից մեկն աշխարհում:

«Որքան աղքատ էին ֆրանսիացիները, եթե ստիպված էին հնարել սոխով ապուրը»,-ասում էր մեզ մեր ուղեկցորդը Լուարի ամրոցներով շրջագայության ժամանակ,- «բայց, միեւնույն ժամանակ, որքան հնարամիտ, որ այն վերածել են դելիկատեսի»:

Իսկապես, ֆրանսիական սոխով ապուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ Բայց, իրականում, ըստ պատմական աղբյուրների՝ բաղադրատոմսը ամենեւին էլ աղքատության ու սովի հետեւանքով չի հորինվել։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ այն ստեղծել է պետության առաջին դեմքը՝ Լյուդովիկոս 15-րդը։ Մի անգամ, իր որսորդական տնակի խոհանոցում բացի սոխից, շամպայնից ու կարագից ոչինչ չգտնելով՝ նա ապուր  պատրաստեց հենց այդ բաղադրիչներով:

Այսօր շամպայնն այլեւս չեն ներառում բաղադրիչների ցանկում, իսկ իսկական սոխով ապուրը պետք է պատրաստված լինի խիտ պանրային շերտով։ Ֆրանսիայում այս ուտեստի հետ կապված հետաքրքիր ավանդույթ կա. հարսանիքին, երբ բոլոր հյուրերն արդեն պարել են ու հասցրել սովածանալ, մատուցվում է սոխով ապուր։ Սա տեղի է ունենում գիշերվա ժամը 2-3-ի սահմաններում:

Գնացեք Ռոն-Ալպեր-ի շրջան․ նրա մայրաքաղաք Լիոնը Ֆրանսիայի գաստրոնոմիական կենտրոնն է: Այնտեղ մինչ օրս պահպանվել են բուշոնները («bouchonlyonnais»)։ Սրանք այս տարածաշրջանի ավանդական ռեստորաններն են, որոնք մատուցում են տեղական ուտեստներ: Խոհանոցը հիմնականում պարունակում է մսային ուտեստներ` երշիկների տեսականի, պաշտետ, խոզ։ Այստեղ տնական մթնոլորտ է՝ զուրկ պերճ դեկորներից։ Ամեն բան պարզ է՝ վանդակավոր սփռոցներ եւ փայտե կահույք, ինչպես ֆրանսիացի տատիկների տներում: Նման հաստատություններում շարունակվում են 17-18-րդ դարերի ավանդույթները։ Այդ ժամանակահատվածում այստեղ ճաշում էին մետաքսի գործարանների բանվորները։

еда4.JPG (64 KB)

Չի կարելի անտեսել նաեւ Լիոնի Les Halles de Lyon Paul Bocuse շուկան, որն անվանվել է հայտնի խոհարար Փոլ Բոկուզի անունով․ նրան «գաստրոնոմիայի հայր» են կոչվել: Այստեղ համտեսեք համեղ գյուղմթերքներ՝ պանիրներ՝ այծի եւ կովի կաթից, համեղ միս, աղանդեր, խմորեղեն:

Այս տարածաշրջանի աղանդերից անպայման փորձեք նուգա՝ Մոնտելիմարից, պրալինե կարկանդակ, la pogne՝ նարնջի համով բուլկիներ:

Ավանդական ֆրանսիական դելիկատեսը` Մադլեն թխվածքաբլիթները, որոնց մասին գրել է Մարսել Պրուստը, ծագումով Լոթարինգիայից են: Թխվածքաբլիթները, սովորաբար, վաճառվում են ստվարաթղթե տուփերում: Դուք կարող եք դրանք գնել հացաբուլկեղենի խանութներից եւ ուտել անմիջապես մայթին, ինչպես սիրում են անել ֆրանսիացիները:

еда8.jpg (108 KB)

Գաստրոնոմիական բացահայտումների համար կարող եք գնալ Պրովանս՝ պարզելու, թե ինչպիսին է Ֆրանսիայի հարավի խոհանոցը։ Քաղաքների կենտրոններում գտնվող շուկաներն ամառային շոգ օրերին ամեն ինչ արժեն: Ամենագունեղներից մեկը Սեն Ռեմիի շուկան է, որն անցկացվում է ամեն չորեքշաբթի առավոտյան։ Անպայման փորձեք Նոնի հայտնի ձիթապտղի յուղը եւ ֆուգաս հացը, բանջարեղենը՝ դեղաբույսերով: Հենց այս տարածաշրջանից է գալիս հայտնի ռատատույը։ Ֆրանսիայում ոչ մի տեղ ոչինչ չես կարող ուտել առանց պանրի. Պրովանսում դրանք հիմնականում պատրաստվում են այծի կաթից: Ապուրներից պետք է անպայման փորձել Մարսելի հայտնի ձկան ապուրը, որը կոչվում է բույաբես։

еда2.JPG (62 KB)

Եթե ​​կամեմբերի սիրահար ես, ուրեմն պետք է գնաս Նորմանդիա։ Այստեղ, նույնիսկ, «Կամեմբերի ճանապարհ» կա։ «Կամեմբերն իր նեխած բուրմունքով գերազանցում է լիմբուրգյան պանիրների ոչ սուր բույրերին. դրա խեղդող բույրը տարածվում էր ամբողջ խանութով՝ իր փտած շնչով չեզոքացնելով մյուս բոլոր հոտերը»,-Le Ventre de Paris գրքում գրել է Էմիլ Զոլան։

еда6.jpg (98 KB)

Բայց Նորմանդիայի շրջանը հայտնի է ոչ միայն պանրի այս տեսակով․ այստեղ կարող եք փորձել լիվարոտ, պոն-լեւեկ եւ սրտաձեւ նեյշաթել։ Նորմանդիայում նախաճաշին ուտում են հատուկ ձվածեղ, որը գալիս է Մոն Սեն-Միշել կղզուց: Այստեղ պետք է փորձել նաեւ ձկնային ուտեստներ, ծովամթերք, այցելել ոստրեների ֆերմաներ։ Ի թիվս այլ բաների, Նորմանդիան հնդկացորենի ալյուրից պատրաստված նրբաբլիթների ծննդավայրն է։

еда7.jpg (99 KB)

Ֆուա-գրան ֆրանսիական մեկ այլ հայտնի ուտեստ է: Այն ճաշակելու համար պետք է գնաք Օքսիտանիա: Թուլուզում պետք է փորձեք թուլուզյան երշիկը՝ տապակած կամ շոգեխաշած վիճակում: Bigorre-ի սեւ խոզը Օքսիտանիայի տարածաշրջանին հատուկ եւս մեկ ուտեստ է: Որպես աղանդեր, ֆրանսիացիների համար ընդունված է մատուցել պանիր՝ համտեսում ենք ռոքֆոր, լագիոլ, ռոկամադուր եւ տոմ։

еда5.jpg (67 KB)

Փարիզում բոլոր շրջանների խոհանոցները միաձուլված են, այստեղ տիրում է իսկական գաստրոնոմիական առատություն։ Դուք կգտնեք թե պանիրներ, թե խխունջներ, թե աղավնիներ, թե ոստրեներ, իհարկե, նաեւ՝կրուասաններ եւ շատ ավելին: Տաք եղանակին կարող եք նստել մայթին գտնվող տեռասներից մեկում, ճաշել՝ վայելելով քաղաքի կյանքը։

еда1.jpg (117 KB)

Անաստասիա Բարու



© NEWS.am STYLE