Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Ռիհաննայի նոր մոմե արձանը (ֆոտո)

12:21   10 փետրվարի, 2023

Մադամ Տյուսոյի թանգարանը հայտարարել է, որ ցուցադրել է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի նոր մոմե արձանը։ Մոդելը ներկայացված է Նյու Յորքում՝ Glow Gala սրահում։ Այն գտնվում է Արիանա Գրանդեի եւ Ջասթին Բիբերի մոմե տարբերակների հարեւանությամբ։ Այս մասին հայտնում է NME-ն։

Արձանը կրկնել է 2018 թվականի Met Gala-ում երգչուհու կերպարը․ Maison Margiela-ի հանդերձանք, Հռոմի պապի խույր եւ խաչելության մանյակ։ Միջոցառման թեման այսպես էր հնչում՝ «Երկնային մարմիններ. նորաձեւություն եւ կաթոլիկ երեւակայություն»:

FoYVCg6aQAE1zlA.jpg (89 KB)

Մոմե արձանի շնորհանդեսը տեղի է ունեցել Ռիհաննայի բեմ վերադառնալուց մի քանի օր առաջ։ Այս կիրակի՝ հունվարի 12-ին, նա ելույթ կունենա Super Bowl-ում։

Rihanna-Madane-Tussauds-NY.jpg (45 KB)

Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանի գլխավոր մենեջեր Յորգ Հանելն ասել է. «Ռիհաննան, անկասկած, սպասվելիք համերգով պատմություն է կերտելու, ուստի իր նոր արձանի ներկայացման ժամանակը կատարյալ է: Մենք նրան ներկայացրել ենք բացառապես Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանում, որտեղ երկրպագուները կարող են հիանալ եւ լուսանկարվել կուռքի հետ»։

Լուսանկարները՝ GettyImages/MadameTussaudsNewYork/Mega



© NEWS.am STYLE